Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն իրենց օգնականներին հանձնարարել են աշխատել այն թեմաների զարգացման ուղղությամբ, որոնք քննարկել են երկու երկրների ղեկավարները երեքշաբթի իրենց տեսազանգի ընթացքում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է Պուտինի եւ Բայդենի զրույցի վերջում։

«Երկու նախագահները հանձնարարել են իրենց թիմերին հետագա գործողություններ ձեռնարկել, եւ Միացյալ Նահանգները դա կանի իր դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգման միջոցով», — ասվում է փաստաթղթում:

«Տեսազանգի ընթացքում Բայդենը եւ Պուտինը քննարկել են ռազմավարական կայունության շուրջ երկկողմ երկխոսությունը։ Նախագահները քննարկել են նաեւ ռուս-ամերիկյան երկխոսությունը ռազմավարական կայունության շուրջ, առանձին երկխոսությունը [համակարգչային] շորթիչ-վիրուսների եւ համատեղ աշխատանքը տարածաշրջանային խնդիրների շուրջ, ինչպիսին Իրանն է»,- ասվում է փաստաթղթում։

Հայտնի է դարձել, որ Բայդենը Պուտինի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կոշտ տնտեսական միջոցներով կպատասխանեն Ուկրաինայի դեմ ռազմական էսկալացիայի դեպքում։ Բայդենը Պուտինի հետ զրույցում կոչ է արել գնալ դեէսկալացիայի եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում վերադառնալ դիվանագիտությանը։