00:00:00

Գյումրիում ՔՊ-ի պարտության մեղավորները․ ամենահետաքրքիրը առջևում է

17:29, 18 հոկտեմբեր 2021

Հանրապետության մի շարք համայնքներում երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մի շարք համայնքներում պարտվեց։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը պարտություն կրեց Գյումրիում ու Գորիսում։ Իհարկե իշխանությունն  այս տապալումը «ժողովրդավարության հաղթանակով» կպայմանավորի, բայց իրականությունը բոլորովին այլ է։ Եվ Գյումրիում և Գորիսում ժողովուրդը մերժեց իշխանությանը։ Հիմա պատճառների մասին, բայց հանրապետության երկրորդ քաղաքի մասին։ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Նրան մարզում, քաղաքում չեն ճանաչում, չեն ընդունում, և ՔՊ-ն ու ՔՊ-ականները սրա մասին լավ տեղյակ են։ Հարությունյանն այն ֆիգուրը չէր, որի շուրջ պետք է կոնսոլիդացվեր հասարակությունը։ Եվ հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակում տեղ գտած անձանց մեծ մասը  որեւէ նշանակություն իրենցից չէին ներկայացնում։ Այն իհարկե մի քանի բևեռից էր բաղկացած։ Ցուցակի առաջին տանսյակում ավելի շատ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի  բարեկամական- ընկերական շրջապատն էր ներկանացված, եղբորից՝ մինչև գործընկերուհի ու ընկերուհի։ Հարությունյանին թերևս հաջողվել էր իր մտերիմներից մի քանիսին ներառել ավագանու ցուցակում։ Ուշագրավ է, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանն էր ընտրական այս գործընթացից դուրս մնացել։ Որքան էլ նա ջանացել էր իր մտերիմներին ներառել ավագանու ցուցակում չէր ստացվել, բացառությամբ մեկ հոգու։ Մամուլում հրապարակումներ կան այն մասին, որ Հովհաննես Հարությունյանի և Կարեն Սարուխանյանի հարաբերությունները մեղմ ասած ջերմ  չեն, և Սարուխանյանը բավականաչափ ակտիվություն չէր ցուցաբերում, միայն քարոզարշավի վերջին օրը «հերթապահ» դարձած գրառում էր արել, կոչ անելով ընտրողներին քվեարկել ՔՊ-ի օգտին, բայց քանի, որ Գյումրիում ՔՊ-ական որեւէ պաշտոնյանի լսող, առավել ևս կոչերն իրականացնողների թիվը շատ քիչ է, Սարուխանյանի գրառումը դասվեց, որպես հերթական մի քանի «լայքանոց» «ստատուսների» շարքին։ ՔՊ-ն նախընտրական շրջանում Գյումրի էր գործուղել նաև Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, ով ՔՊ վարչության  անդամ է։ Թորոսյանի «կրեատիվությունը» սկսվեց Հարությունյանի հետ վարսավիրանոց գնալով, ավարտվեց՝ թաղերից մեկում արևային ակնոցներով երեխաների հետ ֆուտբոլ խաղալով։ Արսեն Թորոսյանը իհարկե մեծ ցանկություն ուներ, որպեսզի իր «կուռացիայի» տակ գտնվող թեկնածուն հաղթեր, քանի որ այդ հաղթանակը ինքն անպայման վերագրելու էր իրեն, հատկապես, որ շարքային պատգամավորի կարգավիճակը Թորոսյանի «հագով» չէ։ Դարձյալ հղում անելով մամուլի հրապարակումներին, նշենք, որ համաձայն դրանց Թորոսյանը ամեն գնով ցանկանում է վերադառնալ գործադիր, ավելի կոնկրետ՝ հին պաշտոնին։ Դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Թորոսյանը, մասնագիտությամբ բժիշկ թեկնածուի հետ ավելի շատ առողջապահական ոլորտի մասնագետների հետ էր հանդիպում, լուսանկարներ հրապարակում, ներկայացնում թե ինչպես են իրեն դիմավորել սպիտակ խալաթավորները։ Հարությունյանը պարտվեց, պարտվեց նաև Թորոսյանը, հետևաբար հերթական  անգամ անմտություն կլինի նրան վստահել Առողջապահական ոլորտը, հատկապես, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արսեն Թորոսյանը գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ խախտել էր հակահամաճարակային կանոնները։ Գյումրում իշխանությանը հաջողության հասնելու հարցում չօգնեցին  նաև «գողականներն» ու թաղային «հեղինակությունները»։ ՔՊ-ի ավագանու ցուցակում այդպիսիք ևս կային։ Այս երևույթը մերժելի էր, գոնե իշխանության որոշ ներկայացուցիչներ սա պետք է լավ իմանային, հատկապես, որ իշխանության են եկել հենց այն պատճառով, որ հասարակությունը մերժում է նման արատավոր բարքերը։ ՔՊ-ն պարտվեց, որովհետեւ չուներ թիմ, թիմում միասնականություն, և որ ամենակարևորն էր, պարտվեց, որովհետեւ հասարակության մեծ մասին այլևս նախկինների «թալանի» մասին կեղծ հայտարարություններով կերակրել չի կարողանալու։ Բայց այնուամենայնիվ ընտրությունների արդյունքների այս պատկերը դեռ վերջնական հաղթանակ չէ։ Գյումրիում իշխանությունը լինելու է կոալիցիոն։ Անցողիկ շեմը հաղթահարած հինգ ուժերից թերևս երեքն են հայտարարել, որ գործում են ընդդիմադիր դաշտում։  «Բալասանյան» դաշինքից մինչ այս պահը նման հայտարարություն չի եղել, իսկ ինչպես հայտնի է, հենց այս դաշինքն է ստացել ձայների մեծամասնությունը, որին հաջորդում է ՔՊ-ն։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր