ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման լուրջ սխալ է անվանել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, գրում է Interfax-ը։
«Ես վստահ եմ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը սպառնալիքի տակ դնելու որոշումը՝ առանց Իրանի կողմից համաձայնագրի խախտումների, լուրջ սխալ է։ Առանց Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ ԱՄՆ-ն վերջնական հաշվով կարող է պարտված դուրս գալ Իրանի ձեռքում միջուկային զենքի և Մերձավոր Արևելքում պատերազմի միջև ընտրության հարցում»,- ասվում է նախկին նախագահի հայտարարությունում։
Հիշեցնենք․ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից։