Սեպտեմբերի 27-ին, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց, Երևանի Ավան վարչական շրջանի , Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում բացվել է 44 օրյա պատերազմում զոհված, դպրոցի շրջանավարտներ Հայկազ Մկրտչյանի, Լևոն Խուրշուդյանի, Գրիգոր Գրիգորյանի և կրտսեր սերժանտ Գառնիկ Գասպարյանի անմար հիշատակը հավերժացնող անկյուն և հուշաղբյուր:
Միջոցառմանը հրավիրված էին հերոսացած հայորդիների ծնողները, ընկերները, ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, Ավան վարչական շրջանի կրթության բաժնի պետ Լիլիթ Ղազարյանը, բարերարները, դպրոցի ուսուցչակական անձնակազմն ու սաները:
Պատվավոր հյուրերի շարքում էին դպրոցի շուրջ 40 շրջանավարտներ, որոնք նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից են:
Արարատյան Հայրապետական թեմի սբ. Աստվածամայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանին ձեռամբ կատարվեց հոգեհանգստի, փառքի անկյունի ու հուշաղբյուրի օրհնության կարգը:
Նահատակված շրջանավաների հիշատակի անկյուն ստեղծվել է դպրոցի անձնակազմի նախաձեռնությամբ ու ջանքերով: Նրանց աջակցել է դպրոցի նախկին սան Արմեն Առուստամյանը, որին միացել ու իրենց ներդրումն են բերել բարերարներ Սամվել Ապերյանը, Արամ Հովսեփյանը, Մուշեղ Կարապետյանը:

Դպրոցի տնօրեն Մայա Առուստամյանի խոսքով սա կդառնա է մի սրբատեղի, խոնարհումի ու փառքի անկյուն, որն ամեն օր կլինի նոր կրթվող սերնդի աչքի առաջ՝ որպես հայրենիքին անմացորդ նվիրումի օրինակ ու պատգամ:
Դպրոցի սաները պիտի ամեն օր տեսնեն հիշեն ու խոնարհվեն նրանց սխրանքի առջև, որպեսզի տղաների հերոսական պայքարի ընդհատված ուղին շարունակելու ու բոլորիս երազած խաղաղ, բարեկեցիկ, հզոր Հայաստանը կերտելու ունակ սերունդ դաստիարակվեն;:
Դպրոցի սաները հիշատակի բեմականացում էին պատրաստել , որից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան երկրորդ պատերազմ զոհերի hիշատակը:
Միջոցառման ավարտին տնօրեն Մանյա Առուստամյանը հատուկ շնորհակալագրեր հանձնեց հանուն Հայրենիքի նահատակված հերոսների հարազատներին, դպրոցի այն շրջանավարտներին, ովքեր 44-օրյա պատերազմի մասնակից են եղել, նաև նրանց, ովքեր հիմա էլ շարունակում են զինվորական ծառայությունը։




