ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարությունից։
Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու կառավարության ծրագրերը, պատասխանել ներկաների հարցերին: Բնակիչների հարցերը հիմնականում վերաբերում էին ջրամատակարարմանը, բնակարանային շինարարությանը, պետական աջակցության ծրագրերի առանձին դրույթների:
«Տեղերում անմիջական շփումները բնակիչների հետ ճշգրիտ տեղեկատվություն են ապահովում և ուղղակիորեն ազդում կառավարության աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա, որի միակ հասցեատերը այդ նույն բնակիչն է, նրա ֆիզիկապես, հոգեպես անվտանգ ու սոցիալապես ապահով ապագան: Հանրապետության իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են նախաձեռնողականություն ու սրտացավություն պետական ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներում՝ նպատակ ունենալով արդյունավետ ու ներառական կերպով լուծել հանրային ու անհատական հիմնախնդիրները»,- նշել է պետնախարարը: