Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքում հուլիսի 14-ից վերսկսվել են հնագիտական պեղումները:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 10 մլն 66 հազար դրամ: Աշխատանքներում ներգրավված են նաև տեղի բնակիչները:
Տավուշ ամրոցի տարածքում կատարված դիտարկումները ցույց էին տվել, որ պահպանվել են հետևյալ կառույցները` ամրոցի միջնաբերդ, դրա հյուսիսարևելյան լանջին տեղակայված եկեղեցի, ամրոցի հարավարևմտյան մասում ենթադրյալ ջրանցքի հատված, հին բնակատեղի: Հուշարձանի պահպանմանը միտված այս ծրագրով նախատեսվում է հնագիտական միաժամանակյա պեղումներ իրականացնել ամրոցի միջնաբերդի գագաթին և մուտքի հատվածներում, ինչպես նաև եկեղեցու հյուսիսային ու հարավային մասերում: