Ռուսաստանի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակին նվիրված հավաքին, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում գտնվող ռուսական խաղաղապահ զորախումբը մասնակցել է հիշատակի հավաքին: Ստեփանակերտ քաղաքում, ի պատիվ Ռուսաստանում ՌԾՆ-ի (ռազմածովային Նավատորմ) կազմավորման 325-ամյակի տոնակատարության, խաղաղապահ զորակազմի զինծառայողները, հոգևորականության ներկայացուցիչները, ուսանողները և աշակերտները հարգել են Խորհրդային Միության հերոս, նավատորմի ծովակալ Իվան Իսակովի հիշատակը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հավաքի մասնակիցները ծաղիկներ են դրել հերոսի անունը կրող փողոցում նրա կիսանդրու մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել հիշատակը:
Գերատեսչությունը նշել է, որ ծովակալ Իսակովը խորհրդային ամենահայտնի ռազմական առաջնորդներից է, որը մեծ ներդրում է ունեցել Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակում և խորհրդային նավատորմի զարգացման գործում:
««Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Իսակով» անունը կրել է երկրի ռազմածովային նավատորմի խոշոր նավերից մեկը: Դրա անունը տրվել է նաև Խաղաղ օվկիանոսի ստորջրյա սարին, որը հայտնաբերել են խորհրդային օվկիանոսագետները: Ծովակալ Իսակովի անունը ստացել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքի փողոցներից մեկը, Մարտունու և Մարտակերտի շրջանների տնտեսությունները», – ասված է հաղորդագրության մեջ: