Արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերից, ամենաշատը ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար է լինելու նախկին ԼՀԿ-ական, Էդմոն Մարուքյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող, հետո՝ ճամբարը փոխած Հայկ Կոնջորյանը։ Վերջինս հանրությանն այդպես էլ անհայտ կմնար, եթե օրերից մի օր ձեռքին երկաթյա շերեփը չվերցներ։
ՔՊ-ն խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրել է գյումրեցի լրագրողուհի Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։ Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, բայց թավշյա գործողություններից հետո որոշ ժամանակ աշխատեց որպես Շիրակի մարզպետի խորհրդական, ապա 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ տեղ գտավ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում։
Ընտրություններին «կռելու» վճռականությամբ և Դաշնակցականների ու Սյունեցի մեծահարուստ Վահե Հակոբյանի հետ միավորված Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն էլ որոշում է կայացրել ըստ որի խորհրդարանում իրենց խմբակցության ղեկավարը կլինի Սերժ Սարգսյանի օրոք պաշտպանության նախարար աշխատած, ապա Վովա Գասպարյանի հետ աղոթելու գնացած ՕՐՕ դաշինքի այդ ժամանակվա անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ճանապարհ անցած Սեյրան Օհանյանը։ Խմբակցության քարտուղար էլ ընտրել են ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին։
Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» դաշինքին, ապա այստեղ էլ որոշում ունեն, որ խմբակցության ղեկավարը լինելու է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո իշխանության եկած և Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ԱԱԾ տնօրեն աշխատած Արթուր Վանեցյանը, ով իշխանությունից դուրս գալուց հետո հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից, հիմնեց «Հայրենիք» կուսակցությունը։ Դաշինքում նախնական որոշում կա, խմբակցության քարտուղարի պաշտոնն էլ ստանձնելու է Հայկ Մամիջանյանը, հանրապետականների երիտասարդական թևի ղեկավարը։
Հավելենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ում ՔՊ-ն կունենա 71 պատգամավոր, Հայաստան դաշինքը՝ 29-ը, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7։ Նորընտիր ԱԺ նախագահի պաշտոնում իշխող թիմն առաջադրելու է Ալեն Սիմոնյանի, իսկ փոխնախագահներ կլինեն Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը։ Երրորդ փոխնախագահը ընդդիմադիր խմբակցությունից է լինելու։ Ամենայն հավանականությամբ այդ պաշտոնն էլ բաժին կհասնի Սևանում բիզնես գործունեություն ծավալող Սաղաթելյան Իշխանին։
https://www.youtube.com/watch?v=zDNRpyScj-E