Նոր սահմանափակումներ՝ կորոնաիրավիճակով պայմանավորված։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ մինչև սեպտեմբեր կներկայացվի սահմանափակումների նոր փաթեթ։ Այն մշակման փուլում է։ Որոշման նախագիծը մշակել է Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍ-ի հետ համատեղ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն սահմանափակումների փաթեթը, որը որոշում է դառնալու վերաբերելու է պատվաստումներին։ Մասնավորապես մի շարք հաստատություններ մուտք գործելու պարագայում պատվաստված լինելը կդառնա պարտադիր։ Առաջին փուլով սահմանափակումները վերաբերելու են բուհական հաստատություններին։ Պարտադիր պահանջ է լինելու, որ դասախոսներն ու ուսանողները պատվաստված լինեն։ Միաժամանակ նախարարությունը փաթեթում կետ է առանձնացրել, ամեն դեպքում բոլոր այն ուսանողներն ու դասախոսները ովքեր կհրաժարվեն պատվաստումից, երկու շաբաթը մեկ պետք է ՊՇՌ թեստի արդյունքները ներկայացնեն։ Նույնը վերաբերելու է նաև սպասարկման ոլորտի աշխատողներին։
Irakanum.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն, անդրադառնալով մեր այն տեղեկություններին, ասաց թե այս պահին ավելացնելու ոչինչ չունեն, հղում անելով նախարարի պաշտոնակատարի՝ հուլիսի 9-ին հրավիրված ասուլիսում արված հայտարարություններին։ Այդ ժամանակ հիշեցնենք Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ կարանտինը Հայաստանում ևս վեց ամսով կերկարաձգվի, իսկ մինչև սեպտեմբեր սահմանափակումների նոր փաթեթ կներկայացվի կառավարություն։ Դպրոցներում և բուհերում դասերը կարունակվեն օնլայն ձևաչափով, եթե ուսուցիչներն ու դասախոսները պատվաստված չլինեն։
Կառավարությունը սահմանափակումների փաթեթը դեռ չի ստացել։ Ամեն դեպքում լրատվական ծառայությունից Irakanum.am-ին հայտնեցին, որ նման որոշման մասին տեղեկատվություն չունեն։ «Սակայն կարող եմ նշել, որ կառավարությունը խրախուսում է ՀՀ քաղաքացիների շրջանում պատվաստվան գործընթացը և այդպիսով հանրային իմունիտետի ձևավորումը կորոնավիրուսի համավարակի դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Irakanum.am