Ստեփանակերտում և շրջաններում ընթացող շինարարական աշխատանքների, նախատեսվող ծրագրերի, 2020 թ. Արցախի դեմ սանձազերձված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված և անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման գործընթացի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև այլ խոցելի սոցիալական խմբերի բնակարանային խնդիրների լուծումը ԱՀ կառավարության գլխավոր խնդիրներից է, և ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները պետք է գործեն թափանցիկ, ցուցաբերեն սկզբունքային և բարեխիղճ մոտեցումներ՝ օգտագործելով ճկուն գործիքակազմ, որը թույլ կտա բնակարանային ապահովության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցությունը դարձնել առավել հասցեական և քաղաքացիների անհատական կարիքներին համապատասխան:
Օրեր առաջ ԱՀ նախագահը հաստատել էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագիրը, որը հիմնարար փաստաթուղթ է նշված ոլորտի հետագա աշխատանքների կարգավորման ու կազմակերպման համար: Առաջիկա օրերին համապատասխան կառույցները պետք է ներկայացնեն ծրագրի կիրարկման մեխանիզմները: