«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը հետ կանչվեց Ինդոնեզիայում, Մալայզիայում եւ Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու եւ հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից՝ ասիական երկրներ է գործուղվել։ Մենք տեղեկացանք, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։
Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում՝ պատերազմից հետո, բուռն քննարկումներ են ընթացել, եւ Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տեւական ժամանակ, եւ, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա եւ տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։ Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, եւ տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել։