«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածուին առաջադրեն։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի մանդատները վերցնել- չվերցնելու հարցում։ Առաջադրումների հետ կապված որոշումները ամեն դեպքում կընդունվեն քաղաքական կոնսուլդացիաներ անցկացնելու»,- ասաց Հակոբյանը, ի պատասխան մեր հարցի, թե պատրաստվում է արդյո՞ք «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել թեկնածու ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Նշենք, որ Սահմանադրության 90-րդ հոդվածում նորընտիր խորհրդարանի առաջին նիստի գումարման ժամկետ սահմանվում է կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ Կազմավորման օրը համարվում է մանդատների բաշխման օրը, որն իրականացնելու համար ԿԸՀ-ն սպասում էր ՍԴ որոշմանը։ Եթե մանդատների բաշխման արարողությունը կազմակերպվի հաջորդ շաբաթվա ընթացքում, ապա առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին, որին էլ կհաջորդի կառավարության կազմավորման գործընթացը։
Հավելենք, որ Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստի ժամանակ: Մշտական հանձնաժողովները խորհրդարանական ուժերին տրվում է Դոնթի բանաձեւով: Այս պահին խորհրդարանում առկա է 11 հանձնաժողով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 8 հանձնաժողով, «Հայաստան» դաշինքը՝ 2 հանձնաժողով, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 1 հանձնաժողով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հաստատել են, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխխոսնակները՝ Ռուբեն Ռուբիանյանն ու Հակոբ Արշակյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն «Հայաստան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
Irakanum.am