Ես ձեզ վստահեցնում եմ, ովքեր քվեարկությամբ իրենց վստահությունը տվել են գործող իշխանությանը, չեն հանդուժելու հերթական զիջումը։ Այս մասին այսօր «Հետընտրական Հայաստանի իրավական և քաղաքական խնդիրները» խորագիրը կրող քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Հետևաբար անմիտ է այն ենթադրությունը, որ կարելի է բոլոր համայնքապետրին ձերբակալել կալանավորել և մարդիկ նստելու են տանը և չեն ընդդիմանալու»,–ասաց նա և նկատեց, որ Սյունիքը եռադրոշ է դարձել, երբ գնում ես տեսնում ես Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբջանի դրոշ։
Աննա Գրիգորյանը նշեց, որ որքան էլ Ադրբեջանը ասի, միևնույնն է, Արցախի հարցը կարգավորված չէ։
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից զիջումների հարցին՝ նա ասաց․«Մեծ հաշվով՝ երբ այս իշխանությունները հայտարարում են, որ մենք գնում ենք տարածաշրջանում ապաշրջափակման, Հայաստանի Հանրապետությունը դնում են շրջափակման մեջ։ Ես էլ չեմ խոսում հնարավոր խաղաղության պայմանագրի մասին, որի տակ ենթադրվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս՝ իր սահմաններով, որն, իհարկե, անթույլատրելի է։ Այս գործըթնացը հավանաբար ուզում էին սկսել դեմիլիտացիայի և դեմարկացիայի մասին համաձայանագրի ընդունմամբ և այնուհետև շարունակել, բայց որը կասեցվեց ընդդիմության ակտիվ ջանքերի արդյունքում»,-ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ խաղաղություն դարաշրջանի մասին այս իշխանությունները թեև խոսում են, սակայն սա կեղծ խաղաղություն է։ «Դու չես կարող խաղաղ ապրել մարդկանց հետ, որոնք ամեն օր խոսում են քեզ ոչնչացնելու մասին, դու չես կարող խաղաղության քարոզ անել, երբ թշնամի երկրի ղեկավարը խոսում է նրա մասին, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իր հողերն են և վերադառնալու են։ Փոխանակ մենք այսօր զբաղվենք բանակաշինությամբ, խոսում ենք նրա մասին, որ դեռ բանակի կրճատում պետք է լինի»,–ասաց նա։