Այսօր՝ հուլիսի 15-ին, արցախյան պատերազմում զոհված Ժորա Քթրյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։ Անմահացած հերոս Ժորա Քորյանը Շիրակի մարզի Մայիսյան համայնքից էր։ Քույրը՝ Անի Քթրյանը Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբայրը ծնվել էր 1996 թվականին` Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ 2003-2013թվականներին սովորել և ավարտել է դպրոցը։ Նախ` սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա`Գյումրու`թիվ 37ավագ դպրոցում։Միաժամանակ հաճախել է թեթև ատլետիկայի։ 2014թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։Այդ չորս տարիների ընթացքում աչքի է ընկել իր փայլուն գիտելիքներով։ Մասնագիտությամբ` հրետանու հաշվարկի հրամանատար էր։ Մասնակցել բազմաթիվ մրցույթների` արժանանալով բազում մեդալների ու պատվոգրերի։
2018թվականի մայիսին քաղցկեղից մահանում է Ժորայի մայրը, իսկ սեպտեմբեր ամսին, որպես պայմանագրային զինծառայող, նա աշխատանքի է անցնոմ Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի` Ներքին Հոռաթաղ գյուղի զորամասերից մեկում։
«Աշխատեց ընդամենը երկու տարի,աշխատեց պատվով ու նվիրումով։Իր հզոր կամքի և սեփական տոկուն ոգու շնորհիվ,որպես լավ հրամանատար,հաջորդաբար ստացել է լեյտենանտի ,ավագ լեյտենանտի ու կապիտանի կոչումներ,բազմաթիվ շնորհակալագրեր։Հանգստյան օրերին հաճախակի էր գալիս հայրենի գյուղ`տեսակցելու հորը և չորս քույրերին։ Այցելում էր մոր գերեզմանին`պարտադիր կարմիր վարդերով։Շատ կապված էր մոր հետ, շատ էր տանջվում, չէր համակերպվում անդառնալի կորստի հետ»,- արցունքն աչքերից պատմեց քույրը։
2020 թվականի սեպտեմբերի 26ին`այդ չարաբաստիկ պատերազմի նախօրեյին, հերթական անգամ Ժորը եկել էր հարազատ Գյումրի`մոր շիրիմին այցելելու նպատակով։ «Վերջին անգամ այդ օրը տեսանք մեր թանկ ու մինուճար եղբորը»,- ասաց Անի Քթրյանը։ Սեպտեմբերի 28ին մայրիկի ծննդյան օրն էր։ Բայց ավաղ, չհասցրեց իր ոտքով գնալ մոր գերեզմանին, հավերժ գնաց մոր գիրկը`կարոտն առնելու։
Քույրը պատմեց, որ պատերազմի օրերին եղբոր հետ խոսում էին։ Ժորային երբ հարմար էր լինում տուն էր զանգում, հոր ու քույրերի հետ խոսում։ «Անընդհատ մենք իրա հետ կխոսայինք, երբ իրան հարմար էր, ոչ մի անգամ չէր նեղվում, չէր ասում ստեղ ինչ վիճակ է, ոչ մի բան չէինք իմանում իրանից, միշտ ասում էր լավ ենք, ամեն ինչ լավ է, մենք կհաղթենք»։ 25 ամյա Ժորա Քթրյանը զոհվել է հոկտեմբերի 29-ին։ Վերջին անգամ մեկ օր առաջ էր խոսել հոր և մեծ քրոջ հետ։
«Հայրիկին ասում է. Պապ,չմտածես,ամեն ինչ լավ է լինելու,վստահ եղիր,մենք ենք հաղթելու,ուրիշ տարբերակ չկա։ Քեզ լավ նայի…»,- ասաց քույրը։
Ընտանիքում իրենց հերոսի կորստյան վշտի հետ չեն համակերպվում։ Ժորային հուղարկավորել են հարազատ Մայիսյան գյուղում՝ մոր կողքին։ Հայրն օրը մի քանի անգամ որդու շիրիմին է այցելում։ Այսօր էլ հերթական անգամ գնացել են հերոս Ժորայի շիրիմին։ Թարմ ծաղիկներ, ծխացող խունկ, արցունքոտ աչքեր ու ծննդյան տորթ․․․
Irakanum.am