00:00:00

Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին

14:51, 05 մայիս 2018 Աշխարհ

Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Հայաստանում տեղի ունեցած զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներոմ: Ընդհանուր առմամբ հնչող գնահատականները դրական են, ընդգծվում է շարժման ժողովրդավարական և խաղաղ բնույթի կարևորությունը: «Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- նշում է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին: «Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ և հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար”,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը: Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարևոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անադյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը: «Անհատները կարևոր են իհարկե, սակայն հաստատությունները ևս չափազանց կարևոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, ովքեր տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծում է Ստրոնսկին: «Այս զարգացումները չեն կարող անվերջ տևել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում և հավանաբար նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը: «Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժականը և իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշում է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենը: Այս զարգացումներն անկասկած կարևոր են նաև երկրի ապագա արտաքին քաղաքականության համար: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է այս զարգացումների բացարձակ ներքաղաքական բնույթն ու բացառել Հայաստանի հետագա արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը: Փորձագետներն արձանագրում են, որ խոշոր տերությունների արձագանքներն այս առումով հիմնականում եղել են չեզոք: «Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014 թվականի ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձևավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքևից է մղվել վերև և կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտույունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, այն, թեև լինելով ռուսաստանամետ, հնարավություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաև կառուցողական հարևաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- նշում է Բեհրենթը: Այս պահին Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները վկայում են Երևանի նոր իշխանությունների հետ խոշոր տերությունների համագործակցության պատրաստակամության մասին, որոնք սպասում են այնտեղ ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Գալիք իշխանությունների որդեգրած քաղաքականությունից է կախված, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր