00:00:00

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ողջունել է Հայաստանի քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը

21:32, 04 մայիս 2018 Աշխարհ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը: Ինչպես տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, այս մասին մայիսի 4-ին ասել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին: «Հուսով եմ, որ ներկայիս փակուղին կհաղթահարվի արագ քաղաքական համաձայնության միջոցով, որպեսզի կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած շատ մարտահրավերների վրա: Հորդորում եմ քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավվածությունը խորհրդարանական երկխոսությանը, ինչպես նաև աշխատել քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության հետ՝ փնտրելու գոհացուցիչ արդյունք, որը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացի շրջանակում»,- ասել է Ծերեթելին: ԵԱՀԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես «Ելք» խմբակցության և դրա հետ համագործակցող կուսակցությունների ներկայացուցիչների կողմից երկրորդ անգամ առաջադրվել է  որպես վարչապետի թեկնածու: Նա հանդիպումներ է ունեցել ԵՄ անդամ երկրների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Վրաստանի դեսպանների հետ՝ քննարկելով այն բանակցությունները, որոնք արվում են քաղաքական ճգնաժամից ելք գտնելու ճանապարհին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելով իրադրությունն ու առաջարկելով Խորհրդարանական վեհաժողովի աջակցությունը երկխոսության գործընթացում: Նա խոսել է նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ: «Հայաստանում խորհրդարանական գործընկերների հետ իմ խոսակցությունները հաստատել են իմ համոզմունքն այն հարցում, որ Երևանի առաջատար քաղաքական գործիչները հանձն են առել ստեղծված իրադրությունում գտնելու կառուցողական լուծում: Ես նշել եմ, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն անհրաժեշտ զսպվածություն և շարունակեն արդյունավետ երկխոսության ճանապարհը»,- հայտարարել է Ծերեթելին: Նա կարևորել է խաղաղ հավաքների իրականացումը՝ որպես կարծիքն արտահայտելու կարևոր տարբերակ՝ ընդգծելով, սակայն, որ քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա խորհրդարանական համակարգի սահմաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր