00:00:00

Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը

02:59, 11 հունիս 2021 Հասարակություն

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Ռուստամ Բադասյանը ողջունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը  Հայաստան և նշել, որ այն ցույց է տալիս երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունն ու վերահաստատում Հայաստանում ժողովրդավարական ուժեղ ինստիտուտներ կառուցելուն ուղղված հանձնառությունը։ Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարեփոխումների հայկական օրակարգին՝ հակակոռուպցիոն, դատական և ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար, շնորհակալություն հայտնել դեսպան Թրեյսիին գերազանց առաջնորդության համար, ինչպես նաև կարևորել ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի  և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում և նշել, որ Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։ Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան տպավորիչ է համարել 2018 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար։ Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ Կառավարության ռազմավարությունների իրականացմանը, մասնավորապես՝ դատավորների բարեվարքության ստուգման համար ներդրված մեխանիզմներին, հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ստեղծմանը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումների շրջանակում Ներքին գործերի նախարարության ու Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը պահպանելուն ու ընդլայնելուն ուղղված երկու երկրների կառավարությունների հանձնառությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր