00:00:00

Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետև ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ տղա եմ, վախկոտ գելխեղդ եմ․ Հովիկ Աղազարյան. «Հրապարակ»

12:24, 03 հունիս 2021

«Իմ քայլը» խմբակցության ամենակոլորիտային, թերևս ամենաբարի ու անկեղծ, երկրին երևի թե ամենաքիչ վնաս տված պատգամավորներից մեկը՝ Հովիկ Աղազարյանը ևս մասնակցում է այս ընտրություններին: Նրան գրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի «հոբելյանական»՝ 70-րդ համարում: Դիտարկմանը, թե բավականին հետ է ընկել ցուցակում, Աղազարյանն ասաց. «Դա ինչ կապ ունի, հաղթելու դեպքում անցողիկ ա, չհաղթելու դեպքում... չանցողիկ»:
Նրան հիշեցրինք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, թե օլիգարխներն այլևս չպետք է տեղ ունենան քաղաքականության մեջ, և իրենց՝ 2018-ի ցուցակում էլ տեղ չգտան, բայց հիմա տեսնում ենք, որ երկու կարկառուն օլիգարխներ՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, իրենց ցուցակի առաջին մասում են: Սա ինչպես կբացատրի: «Եթե սահմանեք՝ որն է կոչվում օլիգարխ, ես կպատասխանեմ»,- ասաց նա:
- Իսկ Ձեր պատկերացմամբ՝ ո՞րն է օլիգարխը: -Իմ պատկերացմամբ՝ օլիգարխն այն անհատն է կամ անհատների խմբավորումն է, որ մեծ բիզնեսի մեջ ներգրավված լինելով հանդերձ՝ ունեն իշխանության մեջ ներկայացուցիչներ կամ իրենք են հանդիսանում իշխանության մաս, կամ հնարավորություն ունեն ազդելու այս կամ այն՝ ի նպաստ իրենց որոշումների վրա: - Գրեթե իդեալական նկարագիր տվեցիք «օլիգարխ» հասկացությանը, հիմնական ընկալումն այդպիսին է, նաև օլիգարխն այն է, որ, լինելով խոշոր գործարար, քաղաքական գործընթացների վրա ազդելու հնարավորություն ունի: Հիմա՝ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը մշտապես քաղաքականության մեջ են ներգրավված եղել և ունեն խոշոր բիզնեսներ, նրանք օլիգարխ են, թե ոչ:
-Էս պահին իրենք օլիգարխ չեն:
-Իսկ ո՞ր պահին էին օլիգարխ: -Եթե մենք հաջողության հասնենք, և իրենք կարողանան երկու հոգով էնպիսի իրավիճակ ստեղծել, որ կարողանան ազդել որոշումների վրա, որոնք կլինեն, այսպես կոչված, ի նպաստ իրենց բիզնեսների, այդ ժամանակ կարելի է իրենց համարել օլիգարխ, որը, ես համոզված եմ, տեղի չի ունենա: -Այսինքն՝ եթե իշխանության գան, կդառնան օլիգա՞րխ: -Ոչ, մեխանիկորեն դա չի նշանակում, որովհետև երկու հոգի եթե բիզնեսի ներկայացուցիչ են, ասենք, 60 հոգանոց թիմում, նրանք չեն կարող օլիգարխ լինել: -Իսկ Գագիկ Ծառուկյանն օլիգա՞րխ է, թե ավելի շատ խոշոր սեփականատեր է: -Ոչ, Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ, որովհետև ինքն իշխանության մաս չի կազմում՝ գործադիր իշխանության, ես նկատի ունեմ: -Ստացվում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք օլիգարխ են եղել ժամանակին, այսօր հենց մտան ձեր ցուցակ, այլևս օլիգարխ չե՞ն՝ սահմանման ինչ-ինչ նրբություններից ելնելով: -Ոչ, և իրենք հնարավորություն ունեն դառնալու օլիգարխ, և մեր մեջ էլ կարող են ծնվել մարդիկ, որոնք կարող են դառնալ օլիգարխ, եթե թույլ տա մեր քաղաքական թիմն իր գործելակերպով: -Դուք ժամանակին հարցազրույց եք տվել ու քննադատել եք Խաչատուր Սուքիասյանին՝ ասելով, թե նա Սերժ Սարգսյանի կենացն էր խմում: Հիմա Դուք Սերժ Սարգսյանի կենացը խմողի հետ նույն ցուցակով գնում եք ընտրությա՞ն: -Ես չեմ քննադատել, որ ինքը Սերժ Սարգսյանի կենացն ա խմում, ես էդ փաստն եմ արձանագրել: -Իսկ դա դրակա՞ն փաստ է, որ ձեր ցուցակի անդամը Սերժ Սարգսյանի կենացն էր խմում: -Դա արդեն թող յուրաքանչյուրն ինքն իր համար դատի, որոշի, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և ինքն իր հետևությունն անի: Ես չեմ ասել՝ վատ ա... իմ ասածի էությունը կայանում էր նրանում, որ չի կարելի երեկ ընկեր լինել, էսօր ուրիշ ձևով խոսել: -Հենց այդ սկզբունքայնության տեսանկյունից, որ Խաչատուր Սուքիասյանը նախկինում ընկեր էր Սերժ Սարգսյանին, նրա հետ նստում-ելնում էր, նրա կենացն էր խմում, Սերժ Սարգսյանը նրա «մոլի» բացմանն էր գալիս, իսկ այսօր քննադատում է Սերժ Սարգսյանին, Ձեզ համար այդ որակներն ընդունելի են: -Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում, որ ես էդքան էլ հաշտ չեմ էդ մտքերի հետ, բայց դե, բոլոր դեպքերում, քաղաքական թիմը որոշում է կայացրել, և ես պարտավոր եմ կամ ենթարկվել այդ որոշմանն ու աշխատել ընդհանուր թիմային տրամաբանությամբ, կամ հետևություն անել: -Իսկ Դուք չեք բարձրացրել այդ հարցը, որ՝ հարգելիներս, այս ինչ եք անում: -Ես այդ հարցը չէի կարող բարձրացնել՝ մի պարզ պատճառով, որովհետև ես չունեմ համապատասխան կարգավիճակ, ես ոչ վար­չության անդամ եմ, ոչ շտաբի անդամ: -Կարող էիր այսպես՝ հարցազ­րույցներով բարձրաձայնել այդ մա­սին, որ չեք պատրաստվում գնալ մի ցուցակով ընտրության, որի մեջ կան նման «սկզբունքայնության» մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի ընկերն են եղել ժամանակին: -Ես էդպիսի տեսակետին համա­ձայն չեմ, որովհետև, եթե Դուք էդքան հետևողական լրագրող եք, կարող եք նաև մեջբերել իմ ուրիշ ասած խոսքե­րը Սերժ Սարգսյանի և նրա թիմի մա­սին: Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի թիմում մարդիկ, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանի հետ կապված են անձնական ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ, նրանց մեջ կա նաև գաղափարական շաղախ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: -Ինչո՞ւ է ձեր թիմն այսպես վա­խեցած Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, նախկինների վերա­դարձից: Ի՞նչ են անելու նրանք ձեզ, որ վերադառնան: -Սերժ Սարգսյանից վախեցած չենք, ես Ռոբերտ Քոչարյանից եմ վախեցած, որովհետև ինքը վախենալու մարդ է, ես էլ վախկոտ տղա եմ: -Բայց մենք Ձեզնից նման տպա­վորություն չէինք ստացել, Դուք գելխեղդների մեջ չե՞ք մտնում, բա գելխեղդների թիմի ներկայացուցիչը կվախենա՞ ինչ-որ մեկից: -Մյուսները վախկոտ չեն, ես եմ վախկոտը: -Այսինքն՝ ձեր իշխանության մի մասն է գելխեղդ: -Վախկոտ գելխեղդ չի՞ լինում, ես վախկոտ գելխեղդ եմ»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր