«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսից մինչեւ սեպտեմբեր չի շահագործվելու։ Մեզ հայտնի դարձավ, որ այս ընթացքում Ռուսաստանում գտնվող մեր այն հայրենակիցները, որոնք ավիատոմսեր էին գնել հուլիս, օգոստոս ամիսների համար եւ պետք է Շիրակ օդանավակայանով վերադառնային հայրենիք, այս ընթացքում հետ են վերադարձնում դրանք։
Թե ինչու մի քանի ամիս չի շահագործվելու, այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտե, որտեղից, բնականաբար, մեր երկարատեւ զանգերին չպատասխանեցին։ Իսկ, ահա, քաղավիացիայի «Թեժ գիծ» հեռախոսահամարին զանգահարելուց հետո պարզ դարձավ, որ օդանավակայանը ժամանակավոր է փակվում հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը։