Նախօրեին համացանցում տարածվեցին Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք հերթական անգամ ի ցույց դրեցին գործող հանցագործ իշխանության ստորությունը։ Մի քանի օր առաջ մեր հարյուրավոր գերիներին ավելացան ևս վեցը։
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թրքասեր թիմը վերջին շրջանում անընդհատ խոսում են ինչ-որ ադրբեջանական տարածքներից, որոնք իբր պետք է հանձնել թշնամուն։
Այս ամենի ֆոնին հաճախակի են դարձել անմեղսունակ սկանդալային հայտարարությունները՝ հպարտանում են պարտությամբ, Սև լճի 30%-ի համար չպետք է պայքարել, ձյունապատ գագաթները անիմաստ է պաշտպանել և այլն։ Համոզված ենք, որ վերոնշյալ բոլոր ցնդաբանությունները ունեն միայն մեկ նպատակ. շեղել հասարակությանը իրական հարցերից։ Արդեն 6-7 ամիս է մեր զինվորները Սյունիքում քնում են բաց երկնքի տակ և որևէ պետական պատկան մարմին չի զբաղվում այս խնդրով։
Գերիներին վերադարձնելու փոխարեն, նրանց քանակը ավելանում է։ Մինչ օրս հայտարարված չէ զոհերի և անհայտ կորածների իրական թիվը, հազարավոր վիրավորների խնդիրները մնացել են այդ երիտասարդների ընտանիքների ուսերին։ Քայքայված է պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունը ժամ առ ժամ գահավիժում է։