Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս պահանջը հատկապես վերաբերում է հանրային գործիչներին ու առանձնապես նրանց, ովքեր զբաղեցնում են պաշտոն և ունեն պետական կարգավիճակ:
Մասնավորապես, խիստ դատապարտելի է երեկ ընտրական գործընթացի մասնակիցների մոտ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այնպիսի բառապաշարի օգտագործումը (օրինակ՝ «ոհմակ», «դուրսպրծուկ»), որն ուղղակիորեն նպաստում է հասարակության առանց այդ էլ քաղաքական ու հասարակական բևեռացվածությանը, խաթարում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:
Ավելին, մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է «թավիշը» «երկաթե մանդատով» կամ «պողպատե մանդատով» փոխարինելու և «ոհմակի ատամները ջարդելու» հռետորաբանությունը. դա ոչ միայն ակնհայտ բաժանարար գծեր է քաշում հասարակությունում, այլև ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ բացահայտ ասոցացվում է բռնության ու անգամ հաշվեհարդարի հետ՝ առաջացնելով իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր:
Քանի որ երկիրը ներկայում գտնվում է ընտրական գործընթացի մեջ, այս ուղերձները կարող են ընկալվել պետական բարձրագույն կարգավիճակից բխող լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից քաղաքական հակառակորդներին ուղղված սպառնալիք, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով վերջիններիս քաղաքական իրավունքները:
Ուստի, ընտրական գործընթացի մասնակից քաղաքական բոլոր ուժերին, հանրային գործիչներին ու առանձնապես պետական կարգավիճակ ունեցող անձանց կոչ եմ անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող, բռնության հետ որևէ կերպ ասոցացվող բառապաշարից: Փոխարենը պետք է ձևավորվեն առողջ քննարկումներ: