00:00:00

«Պատերազմի սկզբի օրերից Աննա Հակոբյանը Արցախում էր՝ բավականին շքեղ տեսքով, ժպիտը դեմքին». Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում

23:28, 29 մայիս 2021

«Վերջին շրջանում սկսվել են որոնողական աշխատանքները, և կան օրեր, որ հայտնաբերվում են 3-4 աճյուն կամ մասունք, և շարունակվում են հուղարկավորությունները: Երևի սա նաև մարդկանց սթափեցնելու միջոց է, որ մարդիկ, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ մենք զոհեր ենք հուղարկավորում, ունենք անհետ կորածներ, գերիներ, դա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նշեց, որ Ալիևի շարունակական այցերը Արցախի բռնազավթված հատվածներ, առաջինը սարսափ են առաջացնում Արցախի բնակչության մոտ. «Սարսափ, ստորացում, նվաստացում։ Սարսափ, որովհետև մեր հայրենիքով անցնում է թշնամին, անցնում է՝ առանց խնդիր ունենալու, անցնում է հպարտ: Ստորացում, որովհետև 30 տարի հաղթած, հպարտ ման էինք գալիս, Արցախ գաղափարի կրողներն էինք, վերադարձրել էինք մեր հայրենիքը: Այսօր, երբ մտնում ենք մեր «Եղբայրական գերեզմանը», «Եռաբլուր», սկսում ենք նորից կարդալ 90-ականների գերեզմանների վրա գրվածները, այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ իրենք նորից են զոհվել: Ազգը ինչ գաղափարի շուրջ համախմբված էր, այլևս չկա այդ գաղափարը»:
Պատգամավորի խոսքով՝ միֆ կար, թե Հայաստանն է պահում Արցախը, և եթե Արցախը տան, մարդիկ դրանով կհարստանան, Հայաստանում ավելի լավ կապրեն, խաղաղ կլինեն.
«Խուսափում էին, որ իրենց զավակը ծառայի Արցախում՝ մտածելով, որ Արցախում խաղաղ չէ, ընդհուպ՝ ասում էին, թե լավ չեն կերակրում, սնունդը լավը չէ: Կային մարդիկ, որոնք հստակ ասում էին՝ մեզ պետք չէ Արցախը, նրանք գործակալներ էին՝ Թուրքիայի, Արևմուտքի, տարբեր: Փաստվեց, որ Արցախն էր ավելի շատ Հայաստանի անվտանգության երաշխավորը, որովհետև այսօր Քաշաթաղն ու Քարվաճառը օկուպացված են թշնամու կողմից, և հենց այդ կողմերից վտանգված է Հայաստանը, և հենց այդ կողմերից թշնամին ուղղակի քայլել է, կիլոմետրերով առաջ է եկել, և կատարվել է ամենասարսափելին՝ սպանել է մեր հայրենակցին, գերեվարել է մեր հայրենակիցներին՝ սուվերեն երկրի տարածքում, իսկ իշխանություններն աղաղակում են, դիմում են աշխարհին, բայց անձամբ ոչինչ չեն անում»:
Ըստ նրա՝ միջազգային դիտորդներ հրավիրելով և Ադրբեջանի սահմանները ճանաչելով՝ Փաշինյանը փորձում է փակել Արցախի հարցը. «3 տարի առաջ, երբ ծնվեց Նիկոլ Փաշինյան «փրկիչ»՝ հայ ազգի համար, ցավոք, քչերս գիտակցեցինք, որ եկել է կործանիչը: Եկել է ոչ միայն Արցախի կործանիչը, այլ, ընդհանրապես, հայի՝ հայ տեսակի, պետականության: Եվ ընդհանրապես, եկել է մարդ, որը օգնելու է կատարել թուրքի բաղձալի երազանքը՝ 1915թ. շարունակությունը: Տեսեք, Մայիսի 28-ի պաշտոնական միջոցառումներին առաջին անգամ Արցախից չկար պատվիրակություն, հրավիրված չէին: Նիկոլ Փաշինյանը երբեք պատահական բաներ չի անում, և ես չեմ կիսում այդ մարդկանց խոսքերը կամ կոչերը, ովքեր ասում են, որ նա ադեկվատ չէ, հոգեկան խանգարումներ ունի: Ըստ իս՝ ինքը գիտակցված կատարում է յուրաքանչյուր քայլ, նույնիսկ, երբ ինքը փորձում է ցույց տալ, որ ադեկվատ չէ, դա ևս կատարվում է գիտակցված: Ինչքան էլ մեզ համար անընդունելի են Արցախի իշխանությունները, միևնույն է՝ երեկվա նրանց չհրավիրվելը փաստում էր, որ Փաշինյանը առաջինը՝ թշնամուն, երկրորդը՝ աշխարհին ցույց տվեց, որ չի ընդունում Արցախի սուբյեկտայնությունը: Եվ միանշանակ, այն փաստաթուղթը, որի մասին խոսվում է, դրանով Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի ամբողջականությունը: Եթե ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, դրանով կփակի Արցախի հարցը: Եվ, եթե վերջերս նկատում եք թշնամի կողմի հայտարարությունները, մասնավորապես՝ Ալիևի, այնտեղ ինքը նշում է 3 փաստաթղթի մասին, որից 2-ը եթե մինչև ընտրությունները ստորագրում են ներկայիս իշխանությունները, ապա երրորդը, անկախ եկող իշխանություններից, իրենք ուղղակի չստորագրելու տարբերակ չեն ունենալու: Պետք է ուղղակի գիտակցել՝ ինչ սարսափելի փաստաթղթերի մասին է խոսքը, որ նույնիսկ այն իշխանությունները, ովքեր կգան և կլինեն ազգանպաստ իշխանություններ, հային իրականում փրկողը, իրենք չստորագրելու տարբերակ չեն ունենա»:
Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ Արցախում բոլորը շունչները պահած սպասում են Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ես երբ ասեմ՝ արցախցի, դուք հանեք իշխանական մասը և այն փոքր հատվածին, ովքեր օգտվում են իշխանության կերակրամանից, իրենք շատ քիչ են, չեն էլ երևում, և պատկերացրեք, որ բոլորը անհամբեր սպասում են, որ այստեղ կփոխվեն իշխանությունները, որովհետև հասկանում են, որ հայի ճակատագիրը կախված է եկող իշխանություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր