Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ՀԱՊԿ-ի բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն ավելի լավ հարաբերություններ, քան Հայաստանի հետ, բացառությամբ Ռուսաստանի: Այս մասին Երեւանի երեք վարչական շրջանների քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Մյուս բոլոր երկրները Ադրբեջանի հետ ունեն եւ ավելի խորը տնտեսական կապեր, եւ ավելի լավ անձնական հարաբերություններ ղեկավարների միջեւ: Այդպես չի եղել: վերջին 3 տարվա ընթացքում վիճակն այդպիսին է:Հիմա դուք ո՞նց եք սպասում ՀԱՊԿ-ից կտրուկ արձագանք, երբ այդպիսի վիճակ է ձեւավորվել: Սա նույնն է, որ դու քո բոլոր ընկերների հետ հարաբերություններդ փչացնես, հենց որ նեղն ընկնես, ասես՝ եկեք ինձ օգնեք: Այսօր փաստացի այդ վիճակն է»,-ասաց նա:
Քոչարյանը նկատեց, որ ինքը համոզված է, որ Ռուսաստանը կարող է մենակ ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին պարտադրել այս կամ այն քայլը անել. «Մենք բացի Ռուսաստանից այնտեղ դաշնակից գրեթե չունենք: Ես կառաջարկեի ՀԱՊԿ-ի հետ կապված բացի հայտարարություններից այլ հույսեր ուղղակի չկապել: Սա չի նշանակում, որ այս կազմակերպությունը լավը չի, կամ չպետք է աշխատել: Սա նշանակում է, որ այն վնասը, որ հասցրել ենք ՀԱՊԿ-ին՝ այն ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Խաչատուրովին դատի տալով, այդ վնասը պետք է վերականգնենք: Պետք է մեր հարաբերությունները ճիշտ ձեւով կարգավորենք այդ կազմակերպության հետ:
Հիմա դիմում են ՀԱՊԿ-ին: Խաչատուրովի նկատմամբ քրգործ հարուցելուց, երբ ուզում էիք կալանավորել, չէիք մտածո՞ւմ, որ կարող եք այսպիսի իրավիճակում հայտնվել: Այս հարցն իրենք իրենց ընդունա՞կ են տալ, թե ընդունակ չեն: Հիմա գոնե ներողություն խնդրեն, ասեն՝ ղալաթ ենք արել, հիմար էինք, անփոձ էինք այն ժամանակ»,-ասաց նա: