Այսօր կառավարության նիստում Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատվեց Մեսրոպ Մեսրոպյանը, մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվեց Ահարոն Սահակյանը, որը 2016 թվականից Գառնի համայնքի ղեկավարն էր:
Ընդորում՝ մարզպետի նշանակման հարցը գաղտնի ընթացակարգով ներկայացվեց:
Ահարոն Սահակյանը, թեեւ անկուսակցական է ու երբեւէ չի եղել ՀՀԿ-ական, սակայն հայտնի է, որ մշտապես ՀՀԿ հովանավորչությունն է վայելել, այդ թվում նաեւ համայնքի ղեկավարի ընտրություններում:
Irakanum.am-ը նորանշանակ մարզպետից հետաքրքրվեց՝ ինչ կապ է ունեցել ՀՀԿ-ի հետ, ի պատասխան մարզպետն ասաց՝ պարզ, մարդկային, նորմալ շփումներ, մեր հարցին, իսկ եթե կուսակցական չէիք, ինչու էր ՀՀԿ-ն մշտապես ձեզ հովանավորում, նա պատասխանեց. «Երեւի զգացել են, որ ուժեղ թեկնածու եմ, սատարել են»: Ինչպես ՀՀԿ-ի հովանավորյալը դարձավ մարզպետ մեր հարցին, Ահարոն Սահակյանը պատասխանեց՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել ու համաձայնել. «Գտել եմ, որ իմ հայրենիքին կարող եմ օգտակար լինել, իմ ծառայությւոնները մատուցել իմ ժողովրդին, արդեն կարեւոր չէ՝ ումից եմ առաջարկ ստացել, ոնց է եղել»:
Գյուղապետ աշխատած տարիներին Ահարոն Սահակյանի աշխատասենյակում՝ իր գլխավերեւից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարն անպակաս է եղել, մենք մարզպետից հետաքրքվեցինք՝ հիմա՞ էլ է նկարը պատից կախում, ի պատասխան ասաց. «Հիմա չեմ կախում նկարը, իսկ այդ ժամանակ պետական ո՞ր աշխատասենյակում լուսանկարը կախված չի եղել, գաղտնի՞ք է, որ բոլոր պետական աշխատասենյակենրում կախված էր»:
Մեր դիտարկմանը, թե հե՞շտ է այս իշխանությունների հետ աշխատել հատկապես եթե հաշվի առնենք, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ պաշտոնյաներ թողնում են պաշտոնները, հեռանում, ի պատասխան ասաց. «Եթե աշխատանքդ ճիշտ ես կատարում, նվիրված երկրիդ , պետությանդ, բոլորի հետ էլ հեշտ է աշխատել»:
Irakanum.am