00:00:00

«Հայաստանի շուրջ օղակը սեղմվելու է. պետք է հասկանան՝ մարդկային կյանքից առավել հայրենի հողն է». Սեյրան Օհանյան

21:19, 27 մայիս 2021

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, զինված ուժերի զինծառայողների գերեվարվելու փաստին, նշել է. «Նախ պետք է գնահատական տալ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին: Նայել անվտանգության միջավայրը Հայաստանի շուրջ և այն սպառնալիքները, որոնք ուղղված են հայ ժողովրդի հանդեպ՝ Հայաստանում և Արցախում, ընդ որում և՛ արտաքին, և՛ ներքին սպառնալիքները: Սթափ գնահատականը խոսում է նրա մասին, որ լարվածությունն է՛լ ավելի է ավելանալու, և Հայաստանի Հանրապետության շուրջը օղակը սեղմվելու է՝ քաղաքական, ռազմաքաղաքական ճնշումներով, պարտությունից հետո պարտադրանքով, սահմանային այսպիսի սադրանքներով, սահմաններում առաջ գալով, զինվորին սպանելով, գերիներ վերցնելով… Հիմնական նպատակն այն է, որ Սյունիքում կարողանան միջանցք ապահովել. Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջանի հիմնական տարածք, ձգտում են նաև դեպի Մեծ թուրանի ստեղծման գաղափարը կյանքի կոչել: Այս օղակը սեղմվելու է… Ես ասել եմ, որ ապաշրջափակման անվան տակ խորը շրջափակում է գնալու Հայաստանի Հանրապետության, և չի բացառվում, որ նաև իրենք մեծ նպատակներ ունեն մեզնից տարածքներ պոկելու: Կարող ենք նաև ասել, որ իրենց բոլորի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է:
Ադեկվատ որոշում ընդունելու համար հակառակորդին գնահատելուց հետո մենք պետք է ինքներս մեզ գնահատենք, մեր ուժերը: Եվ մենք առաջին հերթին գալիս ենք այն եզրակացության, որ մեր կառավարման համակարգը ունակ չէ ադեկվատ որոշումներ ընդունելու: Այսինքն, առաջին հերթին մենք պետք է կառավարման համակարգում փոփոխություններ կատարենք, ասել է թե՝ այս պարտված իշխանությունները, պարտված քաղաքական էլիտան, եթե փոքր-ինչ սիրում է մեր հայրենիքը, օր առաջ շուտ իր տեղը պետք է զիջի»: Սեյրան Օհանյանը համոզված է՝ կառավարող քաղաքական ուժը ինքնակամ չի հեռանա, և ժողովուրդը առաջիկա ընտրություններին պետք է ճիշտ որոշում կայացնի՝ իշխանության բերելով մարդկանց, ովքեր, նրա խոսքերով, համարձակ են, ադեկվատ և փորձառու: «Մինչ այդ փոփոխությունները մենք պետք է գնահատենք մեր ուժը նաև ռազմական առումով: Ռազմական ուժը եթե ի վիճակի չէ այսպիսի հասարակ իրավիճակում որոշումներ ընդունել… այսինքն, սահման կահավորել, դիրք կահավորել… Մեկ անգամ չէ, որ ես ասել եմ, որ մարտավարական և օպերատիվ մարտավարական օղակում զորամասերի հրամանատարների որոշումները կայացվում են ժամերի ընթացքում՝ 4-7 ժամերի ընթացքում: Դիրքերը կահավորվում են մինիմալ մեկ օրվա ընթացքում: Մոբիլիզացիա է արվում մի քանի օրվա ընթացքում: Այդ ամենը եթե իրար հետ գումարենք համակողմանի ապահովված, մեկ շաբաթվա ընթացքում մինիմալ պայմանները պետք է ստեղծվեն՝ սահմանային ծառայություն իրականացնելու համար: Ընդ որում և՛ Պաշտպանության նախարարության, և՛ Գլխավոր շտաբի, և՛ նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համար: Մեկ շաբաթ, լավ, մեկ ամիս… վեց ամիս է անցել, ինչո՞վ են զբաղված եղել այդ մարդիկ: Այս իշխանությունները ոչ ադեկվատ են իրենց որոշումներում, որովհետև իրենք առաջին հերթին մտածում են իրենց աթոռի, պաշտոնի, իրենց շրջապատի, մոտիկների համար: Իրենք ստեղծել են մի մեծ ոստիկանական խմբավորում՝ Երևանում քայլելու համար: Եվ ոչ թե այդ խմբավորումը մոբիլիզացնեն մեր սահմանները պահելու համար»: Օհանյանը նշում է՝ միայն հիմարը կարող է իր տան պարիսպը չկառուցած մտածել, որ կանչելու է հարևանին, ով իր փոխարեն ապահովելու է իր տան անվտանգությունը: «Նույնիսկ ինձ համար ամոթ է այդպիսի մանր խնդիրների համար դիմել ՀԱՊԿ-ին: Մենք ի վիճակի չե՞նք մեր սահմանը պահել»,- ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարարը: Հարցադրմանը, թե ինչ է անելու հայկական կողմը, կրակելո՞ւ է, Սեյրան Օհանյանը նշեց. «Իրենք պարտականություններ ունեն: Լավ, դիմել են ՀԱՊԿ-ին, բայց միևնույն ժամանակ թող հետամուտ լինեն, որ ամեն օր գոնե ինչ-որ բան չպատահի. մարդ չզոհվի, զինծառայողներ չգերեվարվեն: Միայն հիմարը կարող է իր սխալների վրա սովորի, խելացի մարդիկ ուրիշների սխալների վրա են սովորում»: Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, որ ուժ չկիրառելու մասին հորդորը ՀԱՊԿ-ինն է, Օհանյանը նշել է. «Սա նման է երկու երեխայի կռվի, որ փողոցում վիճում են, մեկը ասում է՝ մի րոպե սպասի, ես գնամ իմ ավագ եղբորից հարցնեմ՝ պատասխանե՞մ, թե՞ չէ: Այսպես չի լինում: Կա մարդկային արժանապատվություն: Լավ, դիմել ենք ՀԱՊԿ-ին, ինչ-որ տեղ կանգնեցվել են, գոնե մնացած տեղերում ամեն ինչ փակեք, մի թողեք, որ առաջ գան»: Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբը ունեն պարտականություններ, որոնք պետք է կատարեն պատասխանատու ձևով, հիշեցրեց նախկին նախարարը: «ՀՀ Զինված ուժերը մեր պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության երաշխավորն են: Այդ չորս բառակապակցությունը թող գրեն, իրենց առջև դնեն և կատարեն»: Ես առաջարկում եմ, որ ստեղծեն համապատասխան հանձնաժողով, հետաքննություն անցկացնեն և որոշումներ ընդունեն թե՛ պատժելու, թե՛ հետագայում մեր սահմանային պաշտպանությունն ամրացնելու: Բոլորը պետք է հասկանան, որ մարդկային կյանքից առավել հայրենի հողն է»:   Արմենուհի Վարդանյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր