00:00:00

Փող՝ կուսակցության դիմաց. Սեփականը գրանցել չհաջողվեց, հոգ չէ

16:02, 25 մայիս 2021

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն առաջիկա ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դաշինքով։ Առաջիկա 1-2 օրերի ընթացքում կուսակցության ղեկավարը հուշագիր կստորագրի ընտրություններին մասնակցության հնարավորություն ստանալու համար։ Թե հատկապես որ կուսակցությունն է ընտրել գործարարը համագործակցության համար՝ այս դեպքում թերևս այնքան էլ էական չէ։ Բանն այն է, այս համագործակցությունը Թարվերդյանին զուտ ֆորմալ առումով է հարկավոր։ Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 10-ին տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ընթացքում Թարվերդյանն ազդարարեց, որ բոլոր ուժերին միավորելու առաքելությամբ մասնակցելու է առաջիկա ընտրություններին։ Այնուհետև, ընտրապայքարի դասական կանոնների համաձայն՝ Թարվերդյանն անցած 1.5 ամսվա ընթացքում բազմաթիվ նախընտրական այցեր է կատարել մարզեր, հանդիպել երիտասարդների հետ, թեյախմության հրավիրել հայ մայրերին, լսել գործարարների խնդիրները, բազմաթիվ հարցազրույցներ տվել տարբեր կայքերի ու հեռուստաընկերությունների։ Մի խոսքով, միանգամայն մտել է ակտիվ քարոզարշավի փուլ, և ամեն ինչ կարծես թե անթերի էր լինելու, եթե չլիներ մի փոքրիկ բայց...։ Թարվերդյանին այդպես էլ չհաջողվեց գրանցել իր «Միացյալ Հայաստան» անվամբ կուսակցությունը։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում Երվանդ Թարվերդյանի անվամբ 10-յակ ՍՊԸ-ներ կան գրանցված, հասարակական կազմակերպություններ, սակայն և ոչ մի կուսակցություն։ Հիշեցնենք, որ նախկին գործարարի ընտրած «Միացյալ Հայաստան» անվամբ կուսակցություն արդեն կա, բավական երկար ժամանակ է այն գործում է Արցախում։ Էլեկտրոնային ռեգիստրում գրանցված է նաև համանուն հասարակական կազմակերպություն։ Կուսակցության անվանումն է պատճառը, թե որևէ այլ բան՝ հիմա արդեն այնքան էլ էական չէ, առանց քաղաքական դաշտն ուսումնասիրելու առաջին պատահած ու դուր եկած անվանումն ընտրած ու այդ անվամբ քարոզարշավ իրականացնող նորաթուխ քաղաքական գործիչը հիմա էլ ժամանակ էլ չունի դրա մասին ոչ մտածելու, ոչ էլ այդ ուղղությամբ աշխատելու։ Մինչեւ մայիսի 26-ը ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է հասցնեն դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ու դրա համար Թարվերդյանին անհրաժեշտ է որևէ գրանցված կուսակցության անվամբ հանդես գալ, իսկ ռեգիստրում 70-ից ավելի կուսակցություն կա, որոնք ոչ միջոց ունեն, ոչ էլ հնարավորություն՝ քարոզարշավ իրականացնելու համար, շատերի համար գործարարը կարող է համարվել գտածո գործընկեր՝ սեփական գոյության մասին ընտրողների հիշեցնելու համար։ Հետևաբար, հերթական դաշինքի հիմքում չարժե անգամ որևէ գաղափարական հենք փնտրել։ Սա ամենասովորական գործարքն է՝ շահերի համընկնում և ոչինչ դրանից ավելի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր