Հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մեր ռեսուրսներով գնում ենք ընտրություն, բոլորին գիտեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ցուցակով են գնալու ընտրությունները:
«Կլինեն ոչ մեր կուսակցության անդամներ, մենք միշտ տեղ ենք տվել մարդկանց, որոնք կուսակցական չեն, բայց ինչ-որ ոլորտում ունեն գիտելիքներ, փորձ: Բայց նրանք հիմնականում ոչ հանրային դեմքեր են: Գործարարներ մեր ցուցակում չկար: Չենք էլ ունեցել բանակցություններ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխող ուժի ցուցակում լինելու են գործարարներ եւ այդ մասին արդեն հայտարարվել է, Մարուքյանն ասաց. «Ես 5-րդ գումարման խորհրդարանից կարող եմ օրինակներ բերել, որ երբ ընդդիմությունը եւ քաղհասարակությունը քննադատում էին իշխանություններին, որ գործարարներին բերում եք խորհրդարան, եւ երկրում բիզնեսը երկրում տարանջատված չեն: Հեղափոխության խոստումներից մեկն էր՝ տարանջատել բիզնեսը եւ քաղաքականությունը: Եթե գործարարներ բերեն խորհրդարան, դա հեղափոխության խոստումներից եւս մեկի դրժում կլինի եւ հետընթաց մի քանի մնացած ձեռքբերումների փշրանքներից: Այն ձեռքբերումները, որ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից միայն փշրանքներ են մնացել, որովհետեւ արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք է լինելու, փող են տալու ձայնի համար: Ակնհյատ է՝ որ կողմերից կարող են փող բաժանել: Միշտ կարող են փող բաժանել իշխանությունները եւ այն ուժերը, որոնք անսահմանափակ ռեսուրսներ ունեն: Այս մասով էլ իշխանությունը պետք է ցույց տա՝ ունի՞ կամք՝ թույլ չտալու, որ ընտրակաշառքը տեղ գտնի ընտրություններում»: