00:00:00

Զարուհի Փոստանջյանի նկատմամբ բռնությունը գործադրվել է ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Կառլենի Հովհաննիսյան կարգադրությամբ. Ոստիկանները ցուցմունք կտա՞ն

19:02, 24 մայիս 2021

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Մակերեսային վնասվածքներն արդեն արձանագրվել են, բայց չի բացառվում, որ առաջիկայում Փոստանջյանը լրացուցիչ կայցելի դատաբժշկին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Այս պահին վարույթի շրջանակներում դեռևս այլ փորձաքննություն նշանակված չէ։ «Հագուստս էլ է պատռված։ Չգիտեմ դա, երբ կնշանակեն։ Հավանաբար, երբ գործն ուղարկեն ՀՔԾ, կպնդեմ, որ հագուստս, որը պատռել են ամբողջությամբ, նույնպես փորձաքննության ենթարկվի»,- նշեց Փոստանջյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվել է փաստաթուղթ, որը ստորագրելու մասին տեղեկությունները հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Հերթական վտանգավոր փաստաթուղթը ստորագրելու վտանգը կանխելու նպատակով Երևանում ակցիաներ են իրականացվել։ Ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել մայիսի 20-ի խաղաղ ակցիայի 11 մասնակից, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը, որի նկատմամբ նաեւ բռնություն է գործադրվել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վերջինիս մոտ արձանագրվել են սալջարդեր, կապտուկներ։ Դեպքի առթիվ Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Զարուհի Փոստանջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Արաբկիր համայնքի հետաքննիչին հանցագործության մասին հաղորդումը և բացատրությունը ներկայացնելուց հետո իրեն դեռևս չեն հրավիրել, սակայն հույս հայտնեց առ այն, որ կհրավիրեն ՀՔԾ, որովհետև պետության պարտականությունների մեջ է մտնում խոշտանգման դեպքերով քննություն իրականացնել, քրեական գործ հարուցել։ Բացի խոշտանգման հանգամանքից՝ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է վիճարկել նաև իրեն վարչական իրավախախտման հիմքով բերման ենթարկելու իրավաչափության հարցը, քանի որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից, սահմանափակել ազատությունները։ «Այսպես կոչված վարչական կալանքները քրեադատավարական այս ընթացակարգով էֆեկտիվ բողոքարկման հնարավորություն չունեն։ Վարչական ընթացակարգով պետք է բողոքարկեմ, որ դիմեմ ՄԻԵԴ։ Այդ երեք ժամն ինձ ազատությունից զրկելը, բացի այն, որ խոշտանգվել, անմարդկային վերաբերմունքի եմ արժանացել, նաև այդ ժամանակահատվածը եղել է ապօրինի կալանք»,- նշեց Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ ընթացակարգերը թեև հստակ չեն Քրեական դատավարության օրենսգրքով, բայց պետք է բողոքարկվի, քանի որ անձը երեք ժամ ապօրինի զրկվել է ազատությունից։ Փոստանջյանը նշեց, չգիտի, թե իրեն խոշտանգողները որքանով ցուցմունք կտան ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Կառլենի Հովհաննիսյանի դեմ, որ նա է կարգադրել իրեն խոշտանգել, բայց այն, որ նա է կարգադրել իրեն ապօրինի զրկել ազատությունից, միանշանակ է, ժամանակի ընթացքում նա պատասխանատվության ենթարկվելու է։ «Չգիտեմ, թե ինչ կլինի մեր երկրին, բայց պատասխանատվության ժամը գալու է։ Թալեաթի իր ոճրագործություններից վեց տարի անց դատավճիռն ի կատար ածվեց։ Բոլոր նրանք՝ դավաճանները, գործակալները, մեր երկիրը հանձնողները, ցեղասպանները պատասխանատվության կանչվելու են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր