Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանը «Սպուտնիկ Արմենիայի» եթերում նշել է, որ Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է եկել նոր խումբ։
Խոզնավարում ևս 1.5 կմ առաջ եկած ադրբեջանցի զինվորականներին հայկական կողմը հետ է շպրտել։ Տեղեկությունը հաստատել է Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։
«Որ 1.5 կմ առաջացել են, մերոնք հետ են մղել, գնացել են։ Հիմա ադրբեջանցիները գտնվում են մայիսի 12-ի դրությամբ հատած տարածքներում, այսինքն` դեռ 3.5 կմ մեր տարածքում են»,- ասել է նա։
Նրա խոսքով` Խոզնավարի սարերը հսկող զինվորականներին օգնության է հասել նոր խումբ։
«Երեկ Գորիսում ահագին զինվորականներ կային, մի մասը եկել են, ոտքով բարձրացել արոտավայրերի վերևի սարը` Վալերի դյուզ։ Այդպես ենք ասում այդ սարին։ Ադրբեջանցիների դիմաց կանգնած են»,- նշել է Գրիգորյանը։
Դեռ երեկ թշնամու նոր առաջխաղացումից փոքր-ինչ սրտնեղած խոզնավարցիներն այսօր արդեն սպասում են հրամանի` եթե պետք լինի, պատրաստ են նաև կռվով պաշտպանել սեփական տարածքները. «Սպասում ենք, տեսնենք` ինչ են ասում` գնանք, կռվենք, թե հետ են գնում ելման դիրքեր»,- հավելել է նա։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով` ադրբեջանցիներին ամեն գնով պետք է դուրս բերել հայկական տարածքներից, եթե մնան, ամռանը անասուններին արածեցնելը, ձմռան համար էլ խոտ ամբարելն անհնար կլինի։
«Զոռով պահում են էլի։ Ամառն էլի մի կերպ յոլա կտանեն, բայց ձմեռը սարսափելի է լինելու։ Այն տարածքում, որ իրենք կանգնած են մեր խոտհարքերն են, խոտ ենք հնձում, գյուղացին էլ դրանով է ապրում։ Հրե՜ն նստած են...: Հետ գնան` լավ կլինի, հետ չգնան` չգիտեմ... »,- հավելել է Գրիգորյանը։