«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները հերթական անգամ վերահաստատում են մասնագիտական հանրույթի այն պնդումը, որ երկրում ակնհայտ քաղաքական ճգնաժամ է, իսկ պետական կառավարման համակարգը պարզապես քարուքանդ վիճակում է։ Պետական գերատեսչությունների գերակշիռ մասն այսօր փաստացի մատնված է անգործության և, ըստ էության, կառավարումը թողնված է ինքնահոսի։ Շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի վստահում ոլորտային գերատեսչություններին և ուղղակի ամեն ինչ անում է սեփական նախաձեռնությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առանց այդ էլ վստահություն չի ունեցել մասնավորաբար ԱԳՆ հանդեպ, վերջին շրջանում ուղղակի միայնակ է սկսել խաղալ արտաքին ճակատում, այլ կերպ ասած՝ արտաքին քաղաքականությունն իրականացնում է առանց ԱԳՆ-ի։
ԱԳՆ-ի մեր աղբյուրը փոխանցում է, որ Փաշինյանը նախարարության և նախարարի հետ չի քննարկում, թե, օրինակ՝ ինչ է բանակցում ռուսական կողմի հետ երկրի սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Արտգործնախարարությունում այդ ամենի մասին տեղեկանում են, ինչպես ասում են, «պոստֆակտում», երբ որևէ բան շտկել հնարավոր չէ, ու միայն հարկավոր է ինչ-որ հայտարարություն անել: