Հայաստանը թևակոխում է նախընտրական փուլ։ Հունիսի 20-ին երկրում կկայանան արտահերթ խորհրդրանական ընտրություններ։ Պաշտոնապես նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին։ Այն տևելու է 12 օր։ Մինչ այդ ու այս ընթացքում քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինում։ Խորհրադարանական ու արտախորհրդարանական ուժերը դիրքավորվում են, միմյանց հետ համագործակցության հուշագրեր ստորագրում։
Այս պահի դրությամբ 16 քաղաքական ուժ է հայտարարել արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին, որոնցից մի քանիսը հանդես են գալիս դաշինքով։ Այլ կերպ ասած 16 հոգի պայքարում է վարչապետի պաշտոնի համար։
«Քաղաքացիակական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ առանձին է մասնակցելու ընտրություններին։ Վարչապետի թեկնածուն էլ Նիկոլ Փաշինյանն է։ Նախորդ ընտրություններին ՔՊ-ն դաշինքով էր հանդես եկել, խորհդարանում ձևավորելով «Իմ քայլը» խմբակցությունը։
2018-ի հայտնի իրադարձություններից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ն, ով տասը տարի եղել է իշխանություն մասնակցեց ընտրական գործընթացին, բայց անցողիկ շեմը չհաղթահարեց։ Երեք տարի անց ՀՀԿ-ն դարձյալ ընտրապայքարի մեջ է։ Կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը նախընտրական ցուցակում չի լինելու։ Փոխարենը ՀՀԿ-ն ընտրություններին կգնա դաշինքով՝, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ։ Դաշինքը կոչվում է «Պատիվ ունեմ», իսկ ցուցակն էլ գլխավորելու է Արթուր Վանեցյանը։
Խորհրդարանում առաջին ընդդիմադիր խմբակցությունը, ԲՀԿ-ն, ով 2018 թվականի ընտրություններին նույնպես առանձին էր մասնակցել, այս անգամ ևս միայնակ է պայքարում իշխանության համար։ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։
Այլ պատկեր է «Հայաստան» դաշինքում։ Այն միավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՅԴ-ին և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը։ Վերջինս Սյունիքի նախկին մարզպետերից Վահե Հակոբյանինն է։ Երկու կուսակցությունները վարչապետի թեկնածու առաջադրել են Քոչարյանին։
Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին առանձին կմասնակցի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ 2018-ին կայացած ընտրություններում ԼՀԿ-ն խորհրդարանում երրորդ քաղաքական ուժն էր։
ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը։
Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է,որ մեծ թվով կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ են մասնակցելու։
«Քաղաքացու Որոշում» ՍԴԿ ցուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը։ ՔՈ-ն նախորդ ընտրություններում չկարողացավ անցողիկ շեմը հաղթահարել։
«Հանրապետություն» կուսակցությունը ևս առանձին է մասնակցելու ընտրություններին։ Վարչապետի թեկնածուն էլ Արամ Սարգսյանն է։
Բավականին վերջերս ձևավորված «Արդար Հայաստան» կուսակցությունը ևս ընտրություններին մասնակցելու մասին է հայտարարել։ Իրենք էլ ունեն վարչապետի իրենց թեկնածուն։ Խոսքը՝ փաստաբան Նորայր Նորիկյանի մասին է։
Լևոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանը ևս դաշինք են ձևավորել։ Երկու «Հանուն Հանրապետության», և ՔԺՎԿ կուսակցությունները հանդես կգան «Ժողովրդավարների» դաշինքով, որի ցուցակը կգլխավորի Արման Բաբաջանյանը։ Բաբաջանյանը 7-րդ գումարման ԱԺ-ում հայտնվել էր ԼՀԿ-ի ցուցակով, հետո դուրս եկավ խմբակցությունից, հանդես գալով որպես անկախ պատգամավոր և ստեղծեց իր կուսակցությունը։
«Ազգային - Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության ցուցակն էլ կգլխավորի Ժիրայր Սեֆիլյանը։
Ընտրություններին մասնակցելու մասին են հայտարարել նաեւ նորաստեղծ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը, որը Դավիթ Սանասարյանինն է, ինչպես նաեւ «Միացյալ Հայաստանը», որի ղեկավարը Մհեր Տերտերյանն է։ Վերջինս հայտարարել է, որ ընտրություններին կուսակցությունը առանձին է մասնակցելու։
«Ալյանս» կուսակցության նախընտրական ցուցակն էլ գլխավորելու է կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, իսկ «Վերելք» կուսակցությանը՝ Ալեքսան Մինասյանը։
Երեկ էլ ՀՀ քաղաքացիները նոր քաղաքական համագործակցության ականատեսը եղան։ Գործարար Տիգրան Արզաքանցյանն ու «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին, բայց չհայտարարեցին, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն։
Ի դեպ մի քանի կուսակցությունների գրանցումներ էլ չեն կայացել, հետեւաբար ցանկը կարող էր ավելի մեծ լինել։
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանում այս պահի դրությամբ կա վարչապետի 16 թեկնածու։
Irakanum.am
Լուսանկարը՝ PoliticalDialogue-ի