Երեկվանից Սեւ լճի տարածքը ազատելու շուրջ սկսած ադրբեջանցիների հետ բանակցություններն այսօր էլ մինչեւ ուշ երեկոյան շարունակվել են: Վերիշեն համայնքից բանակցողները տեղափոխվել են Խնձորեսկի սահմանին: Այս մասին Irakanum.am-ին ասաց Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցը: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմից բանակցելու են եկել հրամանատարական կազմը: Մեր տեղեկություններով, այսօրվա բանակցություններում եւս հայկական կողմը դեռ հաջողություն չի արձանագրել:
«Խնձորեսկի սահմանին առաջխաղացում չկա»,- վստահեցրեց գյուղապետը:
Ինչո՞ւ մենք այս բանակցություններում դեռ արդյունք չունենք. «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ. «Հայաստանը բավականին ծանր իրավիճակում է հայտնվել, դա մի կողմից հետեւանք է պատերազմում Հայաստանի կրած պաչրտությամբ, մյուս կողմից արդյունք է հետպատերազմյան փուլում ՀՀ իշխանությունների վարած բավականին ցածր որակի քաղաքականությամբ: Արդյունքում՝ Ադրբեջանն այսօր սահմանի տարբեր ուղղություններով ոտնձգությունների ու ագրեսիայի է դիմում, էականորեն մեծացնում է ՀՀ վրա ազդեցության մեխանիզմները՝ փորձելով առավելագույնը պոկել ընթացող գործընթացից: Ամենաառաջին խնդիրը, որ այս գործընթացում պետք է արձանագրենք, այն է, որ հատկապես վերջին շրջանում իշխանությունները հավաստիացնում էին, որ սահմանային իրավիճակի հետ կապված լուրջ աշխատանքներ են տարվունմ, որոնք հանրայանացման ենթակա չեն, բայց այս ու նմանատիպ միջադեպերը ցույց են տալիս, որ բավականին լուրջ խնդիրներ ունենք անվտանգության հարցերում»:
Տիգրան Աբրահամյանի խոսքով, հետպատերազմյան շրջանում եղել են դեպքեր, երբ թշնամին ներթափանցած է եղել հայկական վերահսկողության հատված, բայց ռուսական կողմի միջնորդությամբ՝ բանակցությունների արդյունքում, հնարավորէ եղել կարգավորել ու նրանց հետ ճանապարհել իրենց ելման դիրքեր. «Այս տարբերակը չենք կարող չդիտարկել, հատկապես, որ կան շահագրգիռ ուժեր, երրորդ երկրներ, որոնք հանդես են գալիս առաջ եկած խնդիրների խաղաղ կարգավորման տեսակյունից: Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ սա իր համար սկզբունքային է, իսկ վայրը պատահական ուղղություն չէ, կարեւոր բարձունք է, իսկ այդ բարձունքում դիրքավորումն իրենց դիտարկման, վերահսկման շատ ավելի մեծ գործառույթներ է տալիս, դա է պատճառտ, որ Ադրբեջանի համար այն դարձելէ առավել սկզբունքային:
Եթե նույնիսկ Ադրբեջանը հետ նահանջի ստեղծված իրավճակից, չի բացառվում, որ այդ նահանջը տեղի ունենա հետագայում այլ ուղղությամբ հայկական կողմի այլ զիջումների արդյունքում: Դեռ պարզ չէ՝ բանակցություններն ինչի շուրջ են, ինչի դիմաց, ինչ է առաջարկվում ու ինչ է լինելու ընդհանուր պայմանավորվածությունների գինը»:
Irakanum.am