Սյունիքի մարզի Սև լիճ տեղանք ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ներթափանցման հարցով ժամեր առաջ մեկնարկած բանակցություններն ավարտվել են:
Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել էր Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:
Հարցով այսօր կրկին հրավիրվել էր ԱԽ նիստ, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով»:
168.am