00:00:00

Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտի բնակելի տան վրա կրակոցների առնչությամբ

14:55, 22 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել՝ ապրիլի 20-ի հետկեսօրեին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը մանրամասներ ներկայացրեց դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում: «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետևանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-մանրամասնեց Թադևոսյանը: Ուսումնասիրվում է՝ արդյոք հնարավոր է փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորել բնակելի տուն Ստեփանակերտում: Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ: «Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ նման տեղեկատվություն է տարածվել՝ այդ ուղղությամբ ևս համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում»,-ասաց Թադևոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր