00:00:00

Ասեղների վրա արթնանում ենք, ասեղների վրա քնում. Պավլիկ Մանուկյանը խոստանում է՝ Շուշին կազատագրվի

01:59, 03 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ամենասարսափելին գիտեք ինչն է, որ հայրենիք ստեղծողին, հայրենիքի համար պայքարողին այսօր ճանապարհում են հայրենիք հանձնողները,- լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի»գործով մեղադրյալ Պավլիկ Մանուկյանը։ «Խեղճ մարդը շվարած գնաց աշխարհից։ Յուրաքանչյուր հայի համար էլ շատ վատ է։ Հայաստանում ունեցանք իշխանություն, որն ահաբեկչական մի կառույց է»,- ասել է Պ.Մանուկյանն ու նշել, որ առավոտյան արթնանում ենք ասեղների վրա, ասեղների վրա էլ քնում ենք։ «Նժդեհի խոսքը շատ տեղին է՝ «Մեռելներին չպաշտող ժողովուրդը դատապարտված է շատ ահավոր բանի», ինչին որ ականատես եղանք։ Ականատես եղանք նաեւ այն բանին, որ մեր այն սրբագույն տղաները, որոնք իրենց մարմնով կանգնեցրին այսպես կոչված՝ 44-օրյա պատերազմը, ես համարում եմ, որ հայ զինվորը աշխարհին դեմ գնաց, եւ ամենասարսափելին՝ ՀՀ դավադիր իշխանությանը։ Շատ ցավալի է, որ այսօր նման խոնարհ հերոսի գլխավերեւում դավաճաններն են եկել, կանգնել»,- նշել է նա։ Պ.Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ շուտով կունենանք այն Հայաստանը, որն ուզում է ցանկացած ազնիվ հայ հերոս. «Այսինքն՝ աղբը կհայտնվի աղբանոցում»։ Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ մենք ոչ թե պետք է ունենանք միայն Կոմանդոսի երազած Հայաստանը, այլ նաեւ բոլոր այն տղաների, որոնք, երազանքն աչքերին, իրենց հիշողության մեջ չեն ծերանալու։ Հարցին՝ արդյոք կկարողանա՞նք ազատագրել Շուշին, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ միայն Շուշին. «Ես բոլորիդ խոստանում եմ, որ ոչ միայն Շուշին»։ 81-ամյա լեգենդար հրամանատար Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին, այսօր մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին նախատեսված է, որ Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգեւոր արարողակարգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր