Նախորդ շաբաթվա վերջին հրապարակվեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կոշտ հայտարարությունն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և երկու ընթերցմամբ ընդունված վիրավորանքի և զրպարտության համար տուգանքի չափը եռակի բարձրացնելու օրինագծի վերաբերյալ, այն բնորոշելով՝ որպես մամուլի ու արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ ճնշման սպառնալիք: Հիմա ԱԺ նույն փոխնախագահը մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես եկել, Ալեն Սիմոնյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ համացանցում կեղծանուն աղբյուրով անձին զրպարտելու կամ վիրավորելու, ինչպես նաև կեղծանուն աղբյուրով, կամ հանրությանն առավել հայտնի՝ ֆեյք էջով, կեղծ տեղեկություններ հրապարակելու համար:
ԱԺ փոխխոսնակն իր առաջարկն այսպես է հիմնավորել՝ «ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարելը, ատելություն տարածելու բարձր հանրային վտանգավորություն ներկայացնելը և նշել, թե անձի պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականության միջոցով է»:
Իրավաբան, ոլորտի իրավական կարգավորումներին ու միջազգային փորձին քաջատեղյակ Արա Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե հիմնավորումները չի կարդացել, դրա կարդալու կարիքը չկա, քանի որ միայն պաշտոնատար անձանց նկատմամբ զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը հակասում է եվրոպական հասարակական կարգին:
