00:00:00

Այս պահին բուն գործին վտանգ չկա, մենք դժգոհ չենք դատական ակտից.Օ.Գասպարյանի պաշտպանը ներկայացրեց իրենց մարտավարությունը

18:10, 25 մարտ 2021

Այո, մենք ստացել ենք վարչական դատարանի որոշումը, որը դատավոր Լիանա Հակոբյանի գլխավորությամբ վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առ ոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված Հանրապետության նախագահի՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021 թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ունեն եւս մի քանի հայց, որոնցից մեկը վարույթ ընդունվել, խոսքը իրավահարաբերության բացակայության վերաբերյալ հայցի մասին է, որի դատավորը Մհեր Պետրոսյանն է եւ այդ գործը շարունակվում է: «Մյուս հայցերը, որ վերադարձվել են, մեկը վիճարկման մասին էր, որը պարոն Պետրոսյանն էր վերադարձրել, սա մենք վերաքննիչ բողոքարկել ենք: Մյուսն էլ այդ առոչինչության հարցը նորից ներկայացրել ենք դատարան, որը վերաբերում էր նրան, որ ՀՀ նախագահի հրամանագիրը առոչինչ ճանաչվի: Այդ ժամանակ արդեն մակագրվել էր նոր դատավորի՝ Լիանա Հակոբյանին, որը նույն հիմքով վերադարձրել է, ասել է՝ ակտ չկա: Մենք հիմա տիկին Հակոբյանի որոշումն էլ կվիճարկենք: Մենք ուզում ենք միջանկյալ ակտը վերադարձությամբ տանել բողոքարկել եւ Վերաքննիչ, եւ Վճռաբեկ դատարաններում, որպեսզի նրանք ասեն՝ հիմա ակտ կար, թե չկար: Որպեսզի այնպես չլինի, որ պարոն Պետրոսյանի քննած գործով՝ իրավահարաբերության բացակայությամբ, մենք հաղթենք,  հանկարծ բողոք բերեն Վերաքննիչ, ասեն՝ սխալ եք բավարարել, այստեղ ակտ կար, ակտը պետք էր առոչինչ ճանաչել, հանկարծ Վերաքննիչ վարչական դատարանն այդ հիմքով բեկանի»,-ասաց նա: Պաշտպանը պարզաբանեց իրենց ընտրած մարտավարությունը՝ նշելով. «Այսպես ավելի կարճ է, որովհետեւ միջանկյալ ակտը կարճ է քննվում, նաեւ այս փուլում վերջնական պատասխան կունենանք Վերաքննիչից ու Վճռաբեկից՝ ակտ կա, թե չկա: Մենք ուզում ենք հենց նախնական փուլում վերջակետ դնենք այս հարցին՝ կա՞ ակտ, թե չկա, առավելեւս, որ վարչապետի աշխատակազմի իրավաբանական ներկայացուցիչները շեշտադրում են անում, որ ակտ կա: Հիմա այս միջանկյալ ակտերի բողոքարկումով մենք կստանանք մեր պատասխանը:   Իրականում, մենք ոչ թե դժգոհ ենք դատարանի ակտից, ընդհակառակը, մենք գրեթե վստահ ենք, որ չի կարող վարչական դատարանում զուգահեռ նույն ժամանակաշրջանում մի դատավորն ասի՝ այստեղ ակտ կա, մյուս դատավորն ասի՝ ակտ չկա: Հիմա ուզում ենք հասկանալ, թե վերաքննիչն ինչ է ասում: Եթե վերաքննիչն ասի՝ ակտ չկա, մի հատ էլ կփորձենք Վճռաբեկում: Եթե այնտեղ էլ վերջնական կասեն՝ ակտ չկա, մենք էլ սիրտներս հանգիստ կշարունակենք դատավոր Պետրոսյանի մոտ մեր իրավահարաբերության բացակայության գործը: Այսինքն այս պահին բուն գործին վտանգ չկա, ուղղակի լրացուցիչ հայցերն են, որոնք տանում ենք վերադասին»:   Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ դատավոր Լիանա Հակոբյանի կայացրած որոշումը ստացել են երեքշաբթի ու թեեւ դրանից հետո 5 աշխատանքային օր ժամանակ ունեն, բայց բողոքն արդեն այսօր կներկայացնեն. «Ավելին ասեմ, այսօր ժամը 17.30 դատավոր Պետրոսյանը պետք է որոշում կայացնի, որովհետեւ վարչապետի աշխատակազմից իրեն ինքնաբացարկ էին հայտնել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր