Կառոլինա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.5000-ից ավելի անմեղ զոհերի կյանքերը խլած ազգադավները հիմա էլ պայքարում են ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի դեմ։
Վստահ եմ, որ սա հերթական քայլն է գլխավոր օրակարգից մարդկանց ուշադրությունը շեղելու համար, մոռացության տանելու իրենց կատարած հանցագործությունները, պետական դավաճանությունը և իրենց պատճառով զոհվածների, գերեվարվածների և անհայտ կորածների ճակատագրերը՝ կատարելով հերթական հիմար, իմաստազուրկ, բայց առերևույթ սկանդալային հայտարարությունը։
Ուրեմն, ոմն Նազելի Բաղդասարյան պատգամավորը, ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ շները, խմբեր կազմելով, հարձակվում են մարդկանց վրա, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը խանգարում է ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ/ՄԵԹՈԴՆԵՐՈՎ պայքարել նրանց դեմ։
Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:
ՀՈԴՎԱԾ 258.2. ԿԵՆԴԱՆՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱԺԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) առանձին դաժանությամբ,
3) մանկահասակի ներկայությամբ,
4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:":
/Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2019 թվականի նոյեմբերի 21-ից/։
Այսինքն, նշված նորմը պատասխանատվություն է նախատեսում կենդանիներին մորթելու, քառատելու, վառելու, մաշկահատելու, անդամահատելու, խեղդելու, թունավորելու կամ այլ դաժան վերաբերմունքի համար։
Հիմա հարց. Այդ ի՞նչ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ է ուզում օգտագործել իրենցքայլական պատգամավորը, որ 258.2 հոդվածն իրեն խանգարում է։ Մի՞գուցե ուզում է թունավորել, անդամահատել, մաշկահատել, մորթել, վառել կամ այլ դաժան վերաբերմունք կիրառել կենդանիների նկատմամբ։ Որովհետև միայն թվարկածի մտադրության պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը կարող է իրեն խանգարել։
Ավելին ասեմ, թափառող կենդանիների վնասազերծման, այն է՝ ստերջացման և պատվաստման համար, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ՀԵ՛ՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Ինչու՞ իշխանությունը հետամուտ չէ, որ բոլոր կենդանիները ստանան անհրաժեշտ պատվաստումները և ստեջացվեն։ Ինչու՞ են ՀՀ քաղաքացուն միայնակ թողնում այդ խնդրի հետ ու կոչ անում ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ պայքարել անտուն ու լքված կենդանիների դեմ։ Այսքան ատելություն սերմանելուց հետո ուզու՞մ են, որ մարդիկ արդեն սկսեն 258.2 նախատեսված հանցագործությունները կատարել։
Իսկ ի՞նչ է արել հենց Նազելի Բաղդասարյանը՝ որպես պատգամավոր, հետևելու և վերահսկելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածը չխախտվի, որ կենդանիները պատշաճ ձևով լինեն պատվաստված և ստերջացված։ Այդ ի՞նչ աշխատանք է տարել համապատասխան կազմակերպությունների և համայնքային իշխանությունների հետ, որը մատնվել է անհաջողության ու ինքն էլ ստիպված հիմա մարդկանց մղում է հանցագործության։
Ամբողջ աշխարհը՝ եվրոպական երկրներից սկսած և ավարտված ոչ այնքան զարգացած երկրներով, ավելի է խստացնում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորումները՝ սահմանելով ազատազրկում և ՓԱՍՏԱՑԻ ԿԻՐԱՌԵԼՈՎ ՊԱՏԻԺԸ, իսկ մեզ մոտ կոչ են անում ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ պայքարել կենդանիների դեմ՝ ոչ այնքան վաղ ընդունված օրենքն իմաստազրկելու նպատակով։
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ իշխանությունը իր պարտականությունը ԳՑՈՒՄ Է ժողովրդի վրա, սևերի-սպիտակների բաժանելուց հետո, հիմա էլ բաժանում է կենդանասերների և կենդանատյացների, մարդկանց ԴՐԴՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ։
Չզարմանաք, որ կենդանիների դաժան սպանությունների դեպքերը շատանան, քանի որ հիմա այդ հանցագործները գտնվելու են իշխանության հովանու ներքո։
Հ.Գ. Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ թափառող, անտուն կենդանիներն ավելի վտանգավոր են, քան 5000-ից ավելի կյանքեր խլած, մարդկանց ճակատագրերը խեղած, իշխանությունը զավթած Տմարդիկ։
„До тех пор, пока люди будут массово продолжать убивать животных, они будут убивать друг друга. Тот, кто сеет семена убийства и боли, не пожнет радость и любовь.“ — Пифагор