ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն:
Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադանալ նշված հայտարարություններին:
Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict):
Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն:
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»: