00:00:00

Փաստաբանների պալատն իր զորակցությունն է հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին

15:48, 15 մարտ 2021

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները: Հատկապես մտահոգիչ են փոփոխությունների նախաձեռնումը խտրական վերաբերմունքի հիմքով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմինների համար անբարեհաճ գործունեությամբ պայմանավորված լինելու մասին տեղեկությունները: Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, ինչն առավել կարևոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջամտությունը կամ դրա համար անհամաչափ սահմանափակումներ ստեղծելը կարող է բացասական անդրադառնալ ինչպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկին արտաքին աշխարհում: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը՝ առկա մտահոգությունների հաշվառմամբ վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը (վերաբերմունքը) և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր