Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Երևանում այսօր խաղաղ էր, փողոցները բաց ու հանգիստ, դպրոցները լիքը ուրախ երեխաներով։
Սա այն վիճակն է, որը մենք պետք է ունենանք մայիսի 2-ին։ Բայց այսօր սա ժամանակավոր «մարդասիրական ընդմիջում» է։
Մենք ունենք 2-3 օր՝ լուծումներ գտնելու, առաջ գնալու, ողբերգությունից խուսափելու։ Սա մեր բոլորի 2-3 օրն է։ Ոչ մեկի սեփականությունը չէ, խաղաղության և ողբերգության որոշումը ոչ մեկի հեղինակային իրավունքը չէ։ Ուրեմն բոլորս ներդնում ենք մեր ջանքերը՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։
Իմ առաջարկները
- Իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև ԱԺ նիստը։ Ապրիլի 30-ին (ամենաուշը) պետք է հանրությանը ներկայացվի քաղաքական համաձայնության հիմնական սխեման։
- Համաձայնությունը ունենում է երաշխավորներ։
- Մայիսի 1-ին ԱԺ-ն ուղղակի վավերացնում է արդեն իսկ ձեռք վերված պայմանավորվածությունների կետերը։
- Այսօրվանից սկսած իշխանությունները պետք է ներկայացնեն լուծման մի քանի տարբերակները։ Իշխանությունները չեն անի՝ պետք է անենք մենք, բոլոր նրանք, ովքեր կարող են գրագետ լուծումներ առաջարկել։ Եվ խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ։ Սա ամենակարևոր սկզբունքն է։ Խնդիրը Նիկոլին, Իշխանությանը և մեզ բոլորիս օգնելն է՝ դուրս գալ փակուղուց, արժանապատվորեն քայլ կատարել դեպի քաղաքական, խաղաղ հանգուցալուծում։
- Պետք է արագ քննարկել չեզոք, տեխնիկական վարչապետի տարբերակը։
- Պետք է՝ հաշվի առնելով օբյեկտիվ հանգամանքները, որոշել արտահերթ ընտրության մոտավոր ժամկետները։
- Մշակել արդար ընտրության մեխանիզմներ. Ըստ այդմ՝ ԿԸՀ նախագահ պետք է լինի Փաշինյանի առաջարկած, հեղինակավոր, ընդունելի թեկնածու։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովը պետք է գլխավորի Փաշինյանի առաջարկած հեղինակավոր որևէ իրավաբան։
- Պետք է կազմակերպվի միջազգային դիտորդական առաքելություն։