00:00:00

Պատերազմը խլեց իմ երջանկությունը, թողնելով դաժան կյանք

21:07, 31 հունվար 2021

Պատերազմը խլեց իմ երջանկությունը, թողնելով դաժան կյանք։ Սա Արցախում զոհված փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանի կնոջ՝ Աննայի խոսքերն են։ Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1982 թ սեպտեմբերի 2-ին քաղաք Թալինում։ Սովորել է Թալինի թիվ 2 միջն. դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Ուսումը ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի հանրապետություն քաղաք՝ Հադրութ։ 2010 թ-ին ծառայությունը շարունակել է Հայաստանի զորամասում։ Գերազանց ծառայության համար արժանացել է բազմաթիվ սխրանքների ։ Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանը 2019թ-ին ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար նախագահի կողմից պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ 2018թ._ին ծառայությունը շարունակել է խաղաղապահ զորքերում։ Յոթ ամիս ծառայությունը անց է կացրել Աֆղանստանում: «15 տարի է տեւել մեր համատեղ կյանքը, իմ 15 տարվա ամենահիանալի, լավագույն տարիներն են եղել։ Ամուսնացել ենք 2005 թվականին, այդ ժամանակ ամուսինն արդեն ծառայում էր ԼՂՀ-ում՝ Հադրութում։ Ամուսնացել և տեղափոխվել ենք Հադրութ, հինգ տարի ապրել ենք այնտեղ, որից հետո տեղափոխվել ենք Երևան»,- Irakanum.am-ին պատմեց Աննան։ Անդրանիկ Մանուկյանին հետո ուղարկել են հետագա ծառայությունն անցկացնել Երևանում։ Փոխգնդապետի այրին նշում է, որ այդ ժամանակ ուրախ էր, որովհետեւ Արցախում՝ Հադրութում ապրելուն չէր համակերպվում։ «Ուրախացել էի, որ Արցախից տեղափոխվել ենք, բայց չգիտեի, որ ճակատագրական է լինելու ինձ համար․․․»,- արցունքն աչքերին նշում է Աննան։ Ամուսնու մասին անցյալով չի խոսում, բնութագրում է յուրահատուկ անձնավորություն, բարի, ընկերասեր։ «Յուրահատուկ հայր ու որդի է եղել իր ծնողների համար, ընկերասեր, կատակասեր, ընկերությանը շատ նվիրված, նաև շատ հայրենասեր, շատ էր սիրում հայրենասիրական երգեր, առանց այդ երգերի կյանք չուներ»,- ասաց Աննան։ Ունեն երկու երեխա։ 15 ամյա Արմենը 15 տարեկան է, Ալենը՝ 10։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան փոխգնդապետին տագնապով են արթնացնում։ Թշնամին սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ, Արցախում պատերազմ է։ Կնոջն ասում է, որ իրենց էլ են կանչել, բայց՝ Արարատ, հետո է իմացել, որ ամուսինն առաջիններից մեկն է եղել, որ շտապել է պաշտպանելու հայկական երկրորդ հանրապետության սահմանները։ «Ասեց Ան, պարտավոր ենք գնալ, որ մեր երեխաները հետո խնդրի առաջ չկանգնեն։ Ճանապարհեցի՝ գնաց, բայց ցավոք չգիտեի ուր եմ ճանապարհում, չգիտեի, որ վերջին ճանապարհելս էր լինելու․․․։ Ես չեմ իմացել, որ ինքը Ղարաբաղ էր գնալու, ինձ ասել էր Արարատ են տանում։ Ես ահագին ուշ եմ իմացել»,- ասաց Աննան, հավելելով, որ այդ ընթացքում ամուսնու հետ պարբերաբար հեռախոսով խոսել են, երբեք պատերազմական գործողությունների մասին չի հայտնել, հետաքրքվել է ընտանիքի անդամների որպիսությամբ։ «Ամեն զանգելուց պատերազմից ոչինչ չէր ասում, ասում էր՝ հետ գամ նոր կպատմեմ, մենակ մեզանից էր հարցնում, ասում էր ես շատ լավ եմ, դուք լավ եղեք, երեխեքին լավ կնայես․․ միշտ դա էր ասում։ Ամեն օր խոսել ենք մինչեւ հոկտեմբերի 13-ը»։ Երկու օրը կապը ամուսնու հետ կորել է, ավելի ուշ տեղեկացել է, որ շրջափակման մեջ են եղել, հրաշքով դուրս են եկել, Ջաբրաիլից տեղափոխվել՝ Հադրութ, որտեղ էլ փոխգնդապետ Մանուկյանը հոկտեմբերի 21-ին զոհվել է։ Այդ օրը առավոտյան էլ Աննան ամուսնու հետ խոսել է, դարձյալ Մանուկյանը հետաքրքրվել է ընտանիքի անդամների որպիսությամբ, հաջորդ օրը զոհվելու մասին լուրն են լսել։ «Առավոտյան, որ խոսեցի, զգացի շատ անհանգիստ էր, որ ինչ-որ լարվածություն կա իր մոտ, չգիտեմ ինչու ժամը երեքի կողմ ես ասեցի զանգեմ, զանգեցի ու խոսեցի, նորից ամեն օրվա պես, դուք լավ եղեք, երեխեքին լավ կնայես․․․Դա եղավ մեր վերջին զանգը»,- պատմեց Աննան, հավելելով, որ հաջորդ օրը իրենց հայտնում են, որ փոխգնդապետը վիրավորվել է։ Կինը նեղվել էր, բայց միաժամանակ ուրախացել, որ ողջ է մնացել, ցավոք տեղեկատվությունը հետո հերքվել է երկու երեխաների հայրը՝ փոխգնդապետ Մանուկյանը զոհվել է։ Հոր կորստի հետ չեն համակերպվում նաեւ Արմենն ու Արենը։ Մայրը նշում է տղաները կարծես միանգամից մեծացել են, դարձել իր ուժը, թևն ու թիկունքը։ Հոր մասնագիտությունը չեն ընտրելու, փոխգնդապետն ինքն էլ է դեմ եղել։ Արցախյան պատերազմի ժամանակ փոխգնդապետ Մանուկյանը իր ջոկատով գրոհի բռնվեց թուրք ազերական բանակի դեմ։ Կռվեցին անմնացորդ , զոհասեղանին դնելով ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Փոխգնդապետ Անդրանիկ Մանուկյանին հուղարկավորել են հայրենի Թալին քաղաքում։ Ընտանիքը ներկայումս Երևանում է բնակվում, բայց հաճախ են այցելում նրա շիրիմին, ուր մշտապես թարմ ծաղիկներ են դրված։ Կինն ու երկու որդիները նրան շատ են կարոտել։ Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր