«Ուզում եմ հիշեցնել, որ 1992 թվականին, երբ մենք ձեռք ենք բերել անկախություն, սկսել ենք գործընթաց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու, հայ-ռուսական զորամիավորումով սահմանների համատեղ ապահովելու, ստորագրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ուժեղացնում են մեր անվտանգությունը։ Այս բոլոր միջոցառումները, փաստաթղթերը, գործողություններն ուղղված են եղել ամրապնդելու մեր անվտանգությունը, որովհետև մենք ունենք այդպիսի սպառնալիք տարածաշրջանում։ Մենք դա տեսանք 2016թ․-ին և հիմա՝ 2020թ․-ին, երբ տեսանք որ Թուրքիան Ադրբեջանի հետ իրականացնում է ագրեսիա ոչ միայն ԼՂ-ի, այլև մեր սահմանների հանդեպ։ Եվ մեր գերխնդիրն է այսօր ապահովել ռազմական անվտանգությունը, ինչը բերում է մեր ինքնիշխանության ամրապնդմանը և անկախությանը»,- այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան Զինուժ Media-ի այն հարցին, թե արդյոք ռուս սահմանապահների՝ Սյունիքում տեղակայվելը կարող է ՀՀ ինքնիշխանության կորուստ նշանակել։
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ սյունեցիների մտահոգությունը հասկանալի է, քանի որ գործընթաց է գնում, երբ հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքավորվում են։
«Ուզում եմ ասել, որ ինչ արվում է հիմա և ձեռքբերված պայմանավորվածությունը ՌԴ-ի և Ադրբեջանի հետ թույլ է տալիս ասել, որ այդ հատվածներն ապահովված են ավելի լավ։ Ինչո՞ւ․ առաջինը՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա բերում է նրան, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ անվտանգությունը այդ ճանապարհի ապահովված է»,- ասաց նա։
«ՌԴ-ն ունի անցակետ, որը դրված է Գորիսի հատվածում և Դավիթ Բեկում, և բոլոր տեղաշարժերը պետք է անցնեն այդ դիտակետի միջով։ Այնպես որ, այստեղ անվտանգությունն ապահովված է։ Նույն ձևով ապահովվում է նաև Կապանի ճակատի անվտանգությունը»,- հավելեց նախարարը։