«Արցախի կապիտուլյացիան պատրաստել են, թղթերով գրել ու ստորագրել են այն մարդիկ, ովքեր մեզ հիմա դրա մեջ մեղադրում են»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա անդրադարձավ երեկ տարածված ձայնագրությանը՝ Լուկաշենկոյի ու Սերժ Սարգսյանի զրույցին։ Հարցին, որ կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հողերը վաճառել, պատասխանեց․ «Լավ էլի, հենա մտանք Նիկոլ Փաշինյանի տուն, տեսանք ինչ կար, մի հատ 70 հազար դրամանոց հայկական ժամացույց»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի ուզում իրավիճակ սրել ու այդ ձայնագրության մասին գնահատականներ տալ։ «Միայն կասեմ սա՝ ես ձեզ կարո՞ղ եմ նման առաջարկ անել, ինձ թույլ չեմ տա, որովհետև դուք նույնպես ինձ նման առաջարկ չեք անի»,- նշեց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ եթե Հայաստանում ինչ-որ մեկը պետք է դառնա վարչապետ կամ ԱԺ պատգամավոր, դա որոշելու է ժողովուրդը, այլ ոչ թե մի քանի կուսակցություն։
«Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով։ Եվ չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա թերևս զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։ Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գումար աշխատելու, կոչումներ ստանալու։ Եվ այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»,- ասաց Ալեն Սիմոնյան անդրադառնալով անհնազանդության ակցիաներին։
Նա նշեց, որ չի բացառում, որ կարող է հիմա արտահերթ ընտրություն լինել։ Հարցին, թե ինչու այդ դեպքում այդ մասին չեն հայտարարում, նա պատասխանեց․ «Որովհետև դրա հետ կապված որոշում չկա, ես որպես անձ՝ ասում եմ՝ չեմ բացառում»։
Նա հարցադրում արեց․ «Իսկ ո՞վ որոշեց, որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի, կարող է դուք ուզում եք, որ վարչապետը լինի Էդմոն Մարուքյանը։ Եթե խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի անունից ագրեսիա են տարածում, թող ասեն՝ հարգելի ժողովուրդ, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք։ Այստեղ կարևորը հետևյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե էլիտաները։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր պրոցեսներն ավարտված են, ռազմագերիների հարցերը լուծված են, երբ մարդկանց մոտ հուզմունքը կվերածվի սառը դատողության, կլինեն արտահերթ ընտրություններ։ Ես համարում եմ, որ եթե հիմա էլ ընտրություն լինի, իշխող ուժը նորից կհաղթի»։