Այսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, թիվ 43/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Լևոն Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Արտավազդ Վ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լյուդվիգ Սահակյանը և կրտսեր պարեկ Արման Բաբայանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։