00:00:00

Կոչ իրավապահներին. Վնասազերծել հրոսակներին եւ կազմակերպիչներին

18:54, 18 նոյեմբեր 2020 Իրավական

10-ից ավելի հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչ են անում իրավապահներին վնասազերծել հրոսակներին եւ կազմակերպիչներին: Հայտարարությունում ասվում է. «Արդեն մի քանի օր է, ինչ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ կառավարության ամառանոցում զինված հրոսակախմբեր են հավաքագրվում, որոնց համազգեստ եւ զենք է տրամադրվում՝ ընդդիմության դեմ գործածելու եւ առհասարակ՝ իշխանության հակառակորդներին պատժելու նպատակով (հայտարարությանը կցվում են համապատասխան լուսանկարներ)։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` հավանական է նաեւ, որ իշխանությունների կողմից ստեղծված հրոսակախմբերը հրահրեն տարբեր սադրանքներ՝ երկրում ստեղծելով հաշվեհարդարի մթնոլորտ։ Անհանդուրժողականության եւ ինքնիրավչության այս իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ կարող է հանգեցնել ծանրագույն հետեւանքների՝ վտանգելով իրավական պետության հիմքերը։ Սա կարող է բերել ծանրագույն հանցագործությունների եւ քաղաքացիական բախումների։ Այս պայմաններում դիմում ենք իրավապահ համակարգի պատասխանատու մարմիններին՝ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը` կոչ անելով քննության առարկա դարձնել մամուլում հրապարակված տեղեկատվությունը, իրավական գնահատական տալ հրոսակախմբերի ստեղծման գործընթացին, միջոցներ ձեռնարկել դրանց վնասազերծման եւ կազմակերպիչների հայտնաբերման ու մեկուսացման համար /հավատարիմ մնալով Ոստիկանության մասին օրենքի 2-րդ եւ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 2-րդ եւ 15-րդ հոդվածների պահանջներին/։ Հակառակ պարագայում ծանրագույն հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու են իրավապահ համակարգի պատասխանատու մարմինները։  Հայաստանում իշխանությունը չի կարող պահպանվել անօրինական խմբերի միջոցով։ Իրավական համակարգի ողջամիտ գործողություններից է կախված՝ մեր երկրում կպահպանվե՞ն իրավական պետության հիմքերը, թե՞ մենք կզիջենք փողոցային հաշվեհարդարներին եւ սադրանքներին։ Հայաստանում իշխանության փոփոխությունը եւ բոլոր քաղաքական պրոցեսները պետք է լինեն խաղաղ, օրինականության շրջանակներում եւ սահուն։ Էլինար Վարդանյան – Այլընտրանքային նախագծեր խումբ Լարիսա Ալավերդյան – Մարդու իրավունքների առաջին պաշտպան Ավետիք Իշխանյան – Հայաստանի հելսինկյան կոմիտե Արփինե Հովհաննիսյան - «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Գեւորգ Դանիելյան –իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Սիրանուշ Սահակյան - «Իրավական ուղի» ՀԿ Գոհար Մելոյան - Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն Ռուբեն Մելիքյան - «Իրավական ուղի» ՀԿ Զարուհի Հովհաննիսյան – իրավապաշտպան Զարուհի Փաստանջյան - փաստաբան Արծրուն Պեպանյան – քաղաքագետ Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ Սերժ Սրապիոնյան - գրականագետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր