00:00:00

Մոլդովայի նորընտիր նախագահը մտադիր է երկրում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ

17:15, 18 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հանդիպում է ունեցել Քիշնևում ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը կօգնի Մոլդովային հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սանդուի գլխավորած Գործողության ու համերաշխության կուսակցության մամուլի ծառայությանը: «Ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում է անցկացրել ԱՄՆ դեսպան Դերեք Հոգանի հետ՝ քննարկելով Մոլդովայում տիրող իրավիճակը։ Մայա Սանդուն նշել է, որ Մոլդովայի քաղաքացիները շատ են տուժել տնտեսական ճգնաժամից ու առողջապահության ոլորտի ճգնաժամից, և որ այդ ճգնաժամերից ազատվելը, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով, առաջնային խնդիր է», - ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Սանդուն շնորհակալություն է հայտնել Հոգանին երկար ժամանակ հանրապետությանը ցուցաբերված մշտական աջակցության համար: Նա նաև հայտարարել է, որ հարկավոր է Մոլդովայի արտաքին քաղաքականության նոր էջ սկսել: Հիշեցնենք, որ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100% արձանագրությունների մշակումից հետո հայտարարել է հաղթողի անունը: Հաղթել է Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 57,75%-ը, մինչդեռ գործող նախագահ Իգոր Դոդոնը ստացել է 42,25%: Հայտնի է, որ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երկրի վարչապետ Իոն Կիկուն` նրան մաղթելով ուժ և եռանդ: Սանդուին շնորհավորել է նաև երկրի գործող նախագահ Իգոր Դոդոնը, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է նաև, որ մտադիր է վիճարկել նրա հաղթանակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր