Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը հողամասային նպատակային նշանակությունն այլ կատեգորիայի փոխելու մասին մի քանի առաջարկ ներկայացրեց, որոնք ավագանու կողմից ընդունվեցին միաձայն:
Նախագծով առաջարկվում էր Հրաչյա Ներսիսյան 10 հասցեում գտնվող 8744, 9 ք/մ հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի:
«Նշված հողամասում գույքի սեփականատիրոջ կողմից նախատեսվում է հիմնել հիվանդանոց կատարել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ ստեղծելով մոտ 450 աշխատատեղ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական նշանակության հողամասերը նախատեսված են բնակավայրերի հողերի կազմում, առաջարկվել է այս նախագիծը»,- նշեց նա
Մյուս նախագծով առաջարկվում էր Քոչինյան 15 հասցեում գտնվող 11 հազար 149, 14 ք/մ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերական ընդերքօգտագործման հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի: Հողամասում սեփականատիրոջ կողմից նախատեսվում է մինչև 15 հարկ բնակելի շենք կառուցել:
Վահան Խաչատրյանը նաև ներկայացրեց համայնքային սեփականություն համարվող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 12 հասցեում գտնվող 23,5 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի կատեգորիայից փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի:
Առաջարկվեց Տիտոգրադյան 14 հասցեում գտնվող Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ-ի սեփականության իրավունքով պատկանող 10 հեկտար հողամասից 40018 ք/մ հողամասը բնակավայրերի հողերի կատեգորիայից փոխադրել արդյունաբերական և ընդերքօգտագործման հողերի կատեգորիա: Նախատեսվում է հողամասում իրականացնել ջերմոցային տնտեսության կառուցում:
Մյուս նախագծով առաջարկվում էր Մոնթե Մելքոնյան փողոցի 31 հասցեում գտնվող «Պարկ գրուպ» ՍՊ-ին տրամադրված 27,66 հեկտար հողամասից 144,65 ք/մ հատուկ պահպանվող տարածքից փոխադրել էներգետիկայի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների հողերի կազմ:
«Կառավարության 2018 թ․ որոշմամբ հավանության է տրվել ընկերության կողմից ներկայացված ընտանեկան երիտասարդական հանգստի և ժամանցի կենտրոն ստեղծելու ներդրումային ծրագրին և Երևանի քաղաքապետի որոշմամբ «Պարկ գրուպ»-ին Մոնթե Մելքոնյան փողոցի հարող տարածքում տրամադրվել է 27,66 քմ մակերեսով հողամաս: Կառուցվող շենք- շինությունների Էլեկտրամատակարարման ապահովման համար Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվող պահանջների համապատասխան անհրաժեշտություն է առաջացել փոխել 144,65 մ հողամասի նպատակային նշանակությունը»,- նշեց Վահան Խաչատրյանը:
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոնյանը, անդրադառնալով Մոնթե Մելքոնյան փողոցի հարակից տարածքում ժամանցի կենտրոնի կառուցմանը, նշեց, որ նախագիծը կասեցվել է, քանի որ տարածքում հուշարձաններ էին հայտնաբերվել և պետք է համաձայնեցվեր ԿԳՄՍ նախարարության հետ: Սակայն Վահան Խաչատրյանը պատասխանեց, որ այժմ շինարարություն է իրականցվում, կասեցման մասին տեղեկություն չունի, այժմ խոսքը վերաբերում է մի հատվածի 144.65 քմ տարածքի մասին, որը քաղաքապետարանի կողմից անհրաժեշտություն է առաջացել նպատակային նշանակությունը փոխելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ այն խոչընդոտները, որոնք եղել են ԿԳՄՍ նախարարության հետ պարզաբանվել են, և խնդիրները հաղթահարված են: