00:00:00

Անթույլատրելի է ատելության եւ թշնամանքի հրահրումը․ Գարեգին Բ-ի ուղերձը

20:55, 19 ապրիլ 2018

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո եւ ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել եւս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են եւ՛ ցուցարարների, եւ՛ իրավապահների շարքերում: Անընդունելի եւ անթույլատրելի են ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ որեւէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում: Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը եւ խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք եւ ներողամտություն: Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն եւ միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսեւորման: Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս: «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. եւ խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր