00:00:00

Նրա գործողություններում տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս. Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

20:41, 19 ապրիլ 2018

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է նաեւ Երեւանում ընթացող ցույցերին։ Նա ասել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուստի պարզ չէ՝ ինչ փոխզիջում կարող է լինել: Նա նշել է, որ որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե»: Վիգեն Սարգսյանի կարծիքով, տեղի ունեցող բողոքի գործընթացներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան: Գլխավորը, ըստ նրա, այն է, որ չխախտվեն այն «կարմիր գծերը», որոնք գուցե հետո երկխոսության տեղ չթողնեն: «Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ ինքը պատասխանատու չէ բոլոր գործողությունների համար: Որովհետև ինքը ասում է՝ ժողովուրդը ինքնաբուխ պետք է բաներ անի․․․ Ես չեմ կարծում, որ կարելի է այդքան հանգիստ, ձեռները վեր բարձրացնելով, ասել՝ մեր մտադրությունները խաղաղ են, այնուհետև փորձել այդ նույն ձեռքերով փշալարը քաշել, որի հետևանքով կարող են բախումներ առաջանալ ոստիկանության հետ: Տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս»,-ասել է Պնախարարը: Նա կարծիք է հայտնել, որ եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա․ «Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը: Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից»: Վիգեն Սարգսյանի համար հասկանալի չէ, թե որն է տեղի ունեցող բողոքի միջոցառումների դրդապատճառը․ «Բողոք պետք է լիներ և անհանգստություն պետք է լիներ, եթե ձայների մեծամասնություն ստացած խորհրդարանական ուժի ղեկավարը փորձեր ստվերից կառավարեր գործընթացները: Եվ այդ դեպքում մտահոգությունները պետք է շատ ավելի ըմբռնելի լինեին, քան երբ ինքը, ստանձնելով քաղաքական պատասխանատվությունը այն ուժի համար, որը ձևավորել է մեծամասնություն, ներկայանում է խորհրդարան և ձևավորում է այն ուղղահայացը, որը որոշումների կայացման համար պատասխանատու է այս երկրում: Այնպես որ, այդ դժգոհությունը ինձ համար գոնե այդքան ըմբռնելի չէ»: Դիտարկմանը, որ ցուցարարների բողոքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ է Վիգեն Սարգսյանը պատասխանել է․ «Անկեղծ ասած, ինձ համար պահանջը հասկանալի չէ: Ինչի՞ն պետք է պատրաստ լինի իշխանությունը, և ես կարծում եմ, այս օրերը ցուցադրեցին, որ բավականին լուրջ առաջընթաց այդ առումով կա․ դա ոստիկանության արհեստավարժությունն է, որովհետև մասսայական բողոքներ ամեն տեղ աշխարհում լինում են, և ես կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլ գերարհեստավարժ գործեց այս օրերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր